Որևէ նոր բան չկա. ՆԳՆ-ն՝ Մերձավանում տեղի ունեցածի մասին
Մերձավանում հնչած կրակոցների և սպանությունների դեպքի վերաբերյալ նոր տեղեկություն չկա: Այս մասին 1Լurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեց ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:
Հարցին՝ արդյոք կա ձերբակալված, Սարգսյանը պատասխանել է. «Որևէ նոր բան չկա»
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։
Սպանվել են Փարաքարի համայնքապետն ու ևս մեկ անձ: Մեկ անձ վիրավոր է, կրակոցների և սպանությունների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:
Մերձավանի կրակոցների հետևանքով զոհված երկրորդ անձը քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանն է:
Ավելի վաղ հայտնել էինք Մերձավանի կրակոցների հետևանքով վիրավորում ստացած անձի ինքնությունը: Վերջինս Արծրուն Գալստյանն է: Սեպտեմբերի 25-ին նա գիտակցության էր եկել և հարցաքննվել:
Տեսագրությամբ արձանագրվել էր, որ դիմակավորված անձը վազելով մոտեցել էր Վալոդյա Գրիգորյանին ու մյուսներին, կրակահերթ արձակել ու դիմել փախուստի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խստորեն դատապարտել էր տեղի ունեցածը և ընդգծել. «ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց»։