«Տերյան մշակութային կենտրոն»-ը պաշտոնապես մեկնարկում է «Մշակույթ՝ իմ ուղին» ծրագիրը, որը ֆինանսավորվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» 2005 թ․ կոնվենցիայի շրջանակներում գործող` Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի (IFCD) կողմից։ Մեր երկրում ծրագրի համաֆինանսավորումն իրականացվում է ԱրարատԲանկի կողմից։
Ծրագրի նպատակն է մշակութային և ստեղծարար ձեռներեցության միջոցով ստեղծել եկամուտ ապահովող հնարավորություններ և կայուն զբաղվածություն՝ հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքների համար։ Ծրագիրը մասնավորապես ուղղված է հատուկ կարիքներով անձանց, նրանց մայրերին և կին ազգականներին, ինչպես նաև նրանց հետ աշխատող մենթոր-մասնագետներին։
Ծրագրի հիմնական բաղադրիչներն են․
- Հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց աջակցող կառույցների համար հատուկ նախագծված մասնագիտական կրթության կազմակերպում՝ ներառյալ դիզայն, հագուստի մոդելավորում և դեկորատիվ կիրառական արվեստ։
- Մշակութային արտադրանքի որակի բարձրացում՝ ուղղված մասնագիտական չափանիշների և մրցունակության ապահովմանը, տեղական և միջազգային շուկաների ստեղծմանը
- Գովազդային և իրազեկման աշխատանքների իրականացում, ներառյալ հատուկ կայքէջի պատրաստում, տպագրական նյութերի ստեղծում, ինչպես նաև ծրագրի շահառուների կողմից պատրաստված աշխատանքները ներկայացնող մշակութային միջոցառումների և ցուցահանդեսների կազմակերպում։
«Մշակույթ՝ իմ ուղին» նախագծի շրջանակներում իրականացվելու է մասնագիտական վերապատրաստման, արտադրության զարգացման և իրազեկվածության բարձրացման համապարփակ ծրագիր` նպատակ հետապնդելով խթանել հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց աջակցող կառույցների ներկայացվածությունը Հայաստանի մշակութային կյանքում։ Ծրագրի ընթացքում կազմակերպվելու է 24 աշխատաժողով, որի շրջանակներում ոլորտի մասնագետները կվերապատրաստվեն դիզայնի և ձեռագործ աշխատանքներ պատրաստելու ոլորտում: Այնուհետև կկազմակերպվեն 24 վարպետաց դասեր և համատեղ աշխատարաններ, որտեղ արդեն վերապատրաստված մասնագետները կվերապատրաստեն և կուղղորդեն հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև նրանց մայրերին և կին ազգականներին՝ ցուցասրահային և առցանց վաճառքի համար բարձրորակ արտադրանք ստեղծելու նպատակով։
Ծրագրի շրջանակներում ստեղծված մշակութային արտադրանքի մրցունակությունը բարձրացնելու նպատակով «Տերյան մշակութային կենտրոնը» կիրականացնի երկամսյա շուկայի ուսումնասիրություն՝ ներառյալ հայկական սփյուռքի շրջանում, բացահայտելու տեղական, տարածաշրջանային և միջազգային շուկաների ներկայիս պահանջարկը։ Ծրագիրը նաև ձեռք կբերի և կսկսի շահագործել պրոֆեսիոնալ տեքստիլ տպագրական սարքավորումներ և կտրամադրի «Տերյան մշակութային կենտրոնի» ապրանքանիշը ծրագրի շահառուների կողմից պատրաստված արտադրանքին։
Հանրային իրազեկումը ծրագրի առանցքային բաղադրիչներից է, որը ներառում է կայքէջի ստեղծում և սոցիալական մեդիա արշավների իրականացում, ծրագրի շահառուների կողմից պատրաստած արվեստի աշխատանքների կատալոգի և բուկլետի տպագրություն, ցուցահանդեսների և իրազեկման միջոցառումների կազմակերպում, ինչպես նաև ամփոփիչ համերգ՝ հատուկ կարիքներ ունեցող երաժիշտների և ուսանողների մասնակցությամբ։ Ծրագրի շրջանակներում «Տերյան մշակութային կենտրոնում» կստեղծվի մշտական ցուցահանդես, որն անգամ ծրագրի ավարտից հետո կապահովի ծրագրի շահառուների կողմից պատրաստած աշխատանքների շարունակական ներկայացումը։
«Այս ծրագիրն արտահայտում է մեր կազմակերպության երկարամյա հանձնառությունը մշակութային ներառականությանը, մարգինալիզացված և հատուկ կարիքներով անձանց կարողությունների կատարելագործմանն ու արժանապատվությանը», — նշում է «Տերյան մշակութային կենտրոնի» գործադիր տնօրեն Լիլիթ Մելիքյանը։
«ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի (IFCD) աջակցության շնորհիվ մենք կարող ենք ընդլայնել մեր ազդեցությունը և էական դրական փոփոխություններ բերել ծրագրի շահառուների կյանքում՝ միավորելով մեր ազգային մշակութային ավանդույթը, նորարարությունն ու սոցիալական արդարությունը»։
«Մշակույթ՝ իմ ուղին» ծրագիրն ամբողջությամբ արտացոլում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» 2005 թ․կոնվենցիայի հիմնական նպատակները՝ խթանելով մասնակցությունը մշակութային կյանքին, ինչպես նաև գենդերային հավասարությունը և տեղական ստեղծարար ձեռներեցության մակարդակի բարձրացումը։