Խոսնակ. «Ծառուկյան» դաշինքի և ՀՀԿ-ի միջև ձայների փոխանցման վերաբերյալ լուրը հերյուրանք է
«Հրապարակ» օրաթերթը այսօր գրել էր, թե շրջանառվող լուրերի համաձայն` ՀՀԿ-ն թույլ չի տալու «Ծառուկյան դաշինքին» տեր կանգնել իր քվեներին։ «Տեսնելով Ծառուկյանի օրեցօր աճող վարկանիշը, Ծառուկյան-Սարգսյան վերջին հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ծառուկյանին տրվի իր «հասանելիքը», իսկ մնացած ձայները փոխանցվեն ՀՀԿ-ին։ Նման հրահանգ է իջեցվել մարզային ընտրական հանձնաժողովների ՀՀԿ-ԲՀԿ անդամներին․ եթե հաշվարկի ընթացքում լիմիտը սպառվի, «Ծառուկյան դաշինքի» քվեները դրվելու են ՀՀԿ-ի տրցակի վրա։ Թե քանի տոկոս է կազմում լիմիտը, մեր զրուցակիցը չցանկացավ բացահայտել»,- մասնավորապես գրել էր թերթը հրապարակման մեջ:
VERELQ-ի հետ զրույցում «Ծառուկյան» դաշինքի առաջնորդի մամուլի խոսնակ, համապետական ցուցակի պատգամավորի թեկնածու Իվետա Տոնոյանը նշեց, որ լուրը իրականության հետ որևէ աղերս չունի.
«Թերթի այն տեղեկատվությունը, թե իբր պայմանավորվածություն է ձեռք բերվել «Ծառուկյան» դաշինքի և ՀՀԿ-ի միջև ձայների փոխանցման վերաբերյալ՝ բացարձակ սուտ է և անգամ նվազագույն առնչություն չունի իրականության հետ: Հրապարակման մեջ իրականությանը համապատասխանող միակ նախադասությունն այն է, որ իսկապես օրեցօր «Ծառուկյան» դաշինքի վարկանիշը շարունակական աճ է արձանագրում: Իսկ մնացյալ տեղեկատվությունը կատարյալ հերյուրանք է»,- հայտարարեց նա:
Խոսնակը վստահություն հայտնեց, որ ինչպես «Ծառուկյան» դաշինքի, այնպես էլ ընտրապայքարին մասնակցող մյուս բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, հանձնաժողովի անդամները, վստահված անձինք տեր են կանգնելու իրենց օգտին տրված յուրաքանչյուր քվեին և թույլ չեն տալու որևէ ընտրական մանևրում:
«Եվս մեկ անգամ նմանատիպ ստահոդ ինֆորմացիոն հոսքերի հեղինակներին կոչ ենք անում զսպել չեղած երևույթները իրականի տեղ սղացնելու անհագուրդ ցանկությունը և առաջնորդվել մասնագիտական ու մարդկային սկզբունքներով, եթե այդպիսիք իհարկե դեռ կան: Գագիկ Ծառուկյանի կողմից մշտապես բարձրացայնված՝ լրատվամիջոցների կողմից մարդկանց շարունակաբար թյուրիմացության մեջ գցելու ծանոթ գործելաոճը ի վերջո պետք է դադարեցվի, քանի որ այս ամենն արվում է մեր երկրում ապրող բոլոր քաղաքացիների, այդ թվում նաև նմանատիպ հրապարակումների հեղինակների համար»,- հավելեց նա: