Թուրքիան պատրաստ է ընդունել ռուսներին ներքին անձնագրերով
Թուրքիան մտադիր է առարկայական քննարկում սկսել ՌԴ հետ` անձը հաստատող ներքին հավաստագրերով ռուսաստանցիներին ընդունելու մասին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում ապրող ՌԴ քաղաքացիների հետ հանդիպմանը:
«Դեռ մինչև տխուր իրադարձությունները (ռուսական Սու-24-ի խոցումը) բանակցություններ են անցկացվել այդ թեմայի շուրջ: Այժմ, երբ մեր հարաբերությունները կարգավորվել են, մենք կարող ենք շարունակել այդ բանակցությունները», -ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Չավուշօղլուն նշել է, որ շուտով «կսկսվի հարցի քննարկումը՝ Թուրքիայում ներքին անձնագրերորվ ռուսաստանցիներին ընդունելու շուրջ:
Նախարարը հավելել է նաև, որ «օդանավակայաններում սարքեր են տեղադրվում այդպիսի փաստաթղթերի ստուգման համար»:
Հիշեցնենք, որ փետրվարի 23-ից ՌԴ քաղաքացիները իրենց ներքին անձնագրերով Հայաստան այցելելու հնարավորություն ստացան: Ըստ վիճակագրության՝ այս ընթացքում արդեն ավելի քան 3 հազար ՌԴ քաղաքացի է այցելել Հայաստան: