25.11.2024
ՆԱՏՕ-ն «ահաբեկչական կազմակերպություն» է. Թուրքիայի իշխող կուսակցության պատգամավոր
prev Նախորդ նորություն

Ռուսաստանցիները Հայաստան կարող են այցելել ներքին անձնագրերով

Ռուսաստանցիները այսուհետ Հայաստան կարող են այցելել ներքին անձնագրերով, այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ հայաստանցի պաշտոնակից Կարեն Կարապետյանի հետ ունեցած բանակցություններից հետո:

Ըստ ՏԱՍՍ գործակալության, Մեդվեդևը նշել է, որ համաձայնագիրը պետք է ամրապնդի երկու երկրների միջև հումանիտար համագործակցությունը:

Ռուսաստանի և Հայաստանի միջև գործում է առանց վիզայի ռեժիմ, սակայն Հայաստան մեկնելու համար ռուսաստանցիները մինչ այժմ պետք է արտասահմանյան անձնագիր ունենային: Ռուսաստանի քաղաքացիները ներքին անձնագրերով կարող են մեկնել Բելառուս, Ղազախստան, Տաջիկստան, Ղրղըզստան, ինչպես նաև Աբխազիա և Հարավային Օսիա:

Երկու երկրների կառավարությունների ղեկավարները, որպես օրակարգային առանցքային կետեր, առանձնացրել են համատեղ ներդրումային նախագծերի իրականացումը և ԵԱՏՄ ձևաչափով առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդումը:

Ընդլայնված ձևաչափով հանդիպման ժամանակ, մասնավորապես, քննարկվել է հայկական կողմի առաջարկը՝ հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ հիմնելու վերաբերյալ, որը հնարավորություն կտա ֆինանսավորելու Հայաստանի համար առաջնահերթ համարվող տնտեսական ճյուղերը: Ռուսական կողմն առաջարկը դրական է գնահատել:

Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում՝ Իրանի հետ սահմանակից հատվածում ազատ տնտեսական գոտու ստեղծմանը և դրանում ռուսական ընկերությունների ակտիվ մասնակցությանը: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կարևորել է առաջարկը և կարծիք հայտնել, որ ռուսական ընկերություններն այդ հարցում հետաքրքրություն կդրսևորեն:

Հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարվել նաև լիզինգային կամ այլ հիմունքներով Հայաստանին գյուղտեխնիկայի տրամադրման հարցին, կարևորվել է գյուղատնտեսության ոլորտում համատեղ ձեռնարկությունների հիմնման գաղափարը:

Պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպման ավարտին, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համագործակցության խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր են ստորագրվել:

Մասնավորապես, ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության և «Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիայի (ՌԴ) միջև՝ 2015 թ. հոկտեմբերի 7-ի՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև միջուկային վթարի վերաբերյալ օպերատիվ իրազեկման ու միջուկային և ռադիացիոն անվտանգության բնագավառում տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագրով նախատեսված պարտավորությունների կատարմանն ուղղված գործնական միջոցառումների իրականացման մասին» արձանագրությունը, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև միջտարածաշրջանային համագործակցության 2016-2021 թթ.» ծրագիրը, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարության միջև համագործակցության հուշագիրը:

Կողմերը հայտագրեր են փոխանակել 2000թ. սեպտեմբերի 25-ի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրերի փոխադարձ այցելությունների մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև համաձայնագիր:

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության վարչապետները հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարությամբ: