Կառավարության որոշումը՝ ՀԷՑ-ի «ազգայնացման» դիմաց վճարել հարկատուի գումարով
Լուսանկարը` radar.am
Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ՀՀ վարչապետի աշխատակազմին 1,093,750 դոլարին համարժեք դրամ հատկացնելու որոշմանը՝ Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում Liormand Holdings Limited-ի և այլոց դեմ հայցով Հայաստանի շահերի պաշտպանության համար։ Որոշումը ներառված էր կառավարության չզեկուցվող հարցերի օրակարգում։
Համաձայն նախագծի հիմնավորման՝ գումարի հատկացումը անհրաժեշտ է միջազգային իրավախորհրդատու ներգրավելու համար, քանի որ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի վարույթում գտնվող գործով հայցվորները նախաձեռնել են արտակարգ արբիտրաժային գործընթաց, որի արդյունքում սահմանվել են կարճ ընթացակարգային ժամկետներ։
Որոշման մեջ նշվում է, որ միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հունիսի 30-ին ստացել է միջազգային ներդրումային վեճի մասին ծանուցում, ինչին հաջորդել են արտակարգ արբիտրաժային վարույթի գործընթացները։
Դրա արդյունքում որոշումն ստանալուց հետո, հուլիսի 22-ից սկսվել են միջազգային իրավախորհրդատուի ներգրավման աշխատանքները։ Հաշվի առնելով գործի հրատապությունը և սեղմ ժամկետները՝ իրավական դիրքորոշումների պատշաճ ներկայացումն ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել արագորեն ներգրավել համապատասխան ընկերության։
VERELQ-ն ավելի վաղ հայտնել էր, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում (SCC) հայց է ներկայացրել Հայաստանի կառավարության դեմ՝ ընկերության ազգայնացման պլանների պատճառով։ Նախնական գնահատականով՝ վնասի չափը կազմում է 500 միլիոն դոլար։ Արտակարգ արբիտրաժային վարույթի շրջանակում կայացվել է միջանկյալ որոշում։ Արբիտրաժային դատարանը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է ձեռնպահ մնալ ընկերության ազգայնացմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների կիրառումից, ինչպես նաև նրա ակտիվների բռնագրավմանն ուղղված ցանկացած հետագա քայլից։
Դատարանը նաև արգելել է ընկերության կառավարման փոփոխությունները և ՀԷՑ-ի բնականոն գործունեության սահմանափակումը։ Սակայն, չնայած դրան, Հայաստանի կառավարությունը հայտարարել է, որ ժամանակավոր կառավարիչ նշանակելը չի հակասում Ստոկհոլմի արբիտրաժի որոշմանը և ուղղված է ճգնաժամերի կանխարգելմանը և ընկերության աշխատանքում խախտումներ հայտնաբերելուն։ Հայաստանի արդարադատության նախարարությունը նշել է, որ արբիտրաժի որոշումը ժամանակավոր միջոց է և կարող է չկատարվել, եթե այն հակասում է Հայաստանի օրենսդրությանը և հասարակական կարգին։