18.08.2025
Լուսանկարը` bavnews.am
prev Նախորդ նորություն

«Թրամփի ուղու» վրա գործելու է ՀՀ մաքսային ռեժմը՝ ԵԱՏՄ կանոններով. ՊԵԿ նախագահ

Լուսանկարը` Sputnik
Լուսանկարը` Sputnik

Հայկական մաքսային ծառայությունը վերահսկողություն կիրականացնի TRIPP («Թրամփի ուղի») ապագա երթուղու վրա՝ Հայաստանի Հանրապետության իրավազորության շրջանակներում, և այդ հատվածում կկիրառվեն ԵԱՏՄ նորմերն ու ընթացակարգերը։ Այս մասին CivilNet Business-ին տված հարցազրույցում հայտարարել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։


Նրա խոսքով՝ օգոստոսի 8-ի վաշինգտոնյան պայմանավորվածություններով ամրագրված սկզբունքները ենթադրում են Հայաստանի պետական ծառայությունների լիարժեք գործունեություն նաև ճանապարհի սահմանային հատվածներում։ «Բոլոր այն ծառայությունները, որոնք գործում են մյուս սահմաններին, պետք է գործեն նաև այստեղ։ Սա նշանակում է, որ մաքսային ծառայությունը գործելու է»,– ասել է նա։


Հակոբյանը նշել է, որ երթուղու մաքսային մոդելի ձևաչափն ու տեխնիկական կառուցվածքը դեռևս չեն քննարկվել և մասնագիտական աշխատանքային խմբերի քննարկման առարկա կդառնան արդեն քաղաքական պայմանավորվածությունների իրագործման փուլում։ Անդրադառնալով ԵԱՏՄ շրջանակում համաձայնեցումների մասին հարցերին՝ նա ընդգծել է, որ քննարկումներ դեռևս չեն եղել, սակայն «եթե ծառայությունը մատուցում է հայկական մաքսային ծառայությունը, ապա գործում են ԵԱՏՄ կանոնները»։


Մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ-ի բարձրացրած մտահոգությունը անցակետերում հնարավոր «արտաքին ներկայության» վերաբերյալ՝ ՊԵԿ նախագահը պարզաբանել է, որ խոսքը ոչ թե անցակետերում օպերացիոն մասնակցության, այլ ԱՄՆ-ի հետ վերջերս ստորագրված երկրորդ հուշագրի շրջանակում կարողությունների զարգացման և ինստիտուցիոնալ աջակցության մասին է։


ՊԵԿ ղեկավարը հավելել է, որ գերատեսչությունը արտաքին առևտրի համար «համընդհանուր պարզեցումների» քաղաքականություն է վարում. ներդրվել է ապրանքների ավտոմատ բացթողնման ռեժիմ, արտահանողների համար գործում է 24/7 սպասարկում, տեղակայվել է հեռահար ծառայությունների համար նախատեսված ծանուցումների համակարգ։ Նախապատրաստվում է միասնական թվային հարթակ, որը պետք է էականորեն կրճատի բիզնեսի և քաղաքացիների՝ մաքսային ու հարակից ծառայությունների հետ փոխգործակցության ժամանակը։


Օգոստոսի 8-ին ընդունված Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի համատեղ հայտարարության մեջ ամրագրված է, որ ապաշրջափակվող բոլոր հաղորդակցությունները, ներառյալ TRIPP-ը, գործում են մասնակից երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո։ Նախագիծը կապահովի նաև անխոչընդոտ կապ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև՝ փոխշահավետ հնարավորություններ ստեղծելով Հայաստանի միջազգային և ներքին կապակցվածության համար։

Լուսանկարը` www.sports.ru
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` IRNA
18.08.2025
Իրանի նախագահը Երևանում է՝ բարձրաստիճան քաղաքական-տնտեսական պատվիրակությամբ