Փորձենք անցնել այսպես կոչված խաղաղության պայմանագրի հրապարակված տեքստի կետերով: Ինչու՞ եմ բնորոշում «այպես կոչված խաղաղության պայմանագիր»: Որովհետեւ, պայմանագրի հրապարակված տեքստն, ըստ իս ոչ թե խաղաղության մասին է, այլ Հայաստանի հանդեպ Ադրբեջանի դիվանագիտական դիրքերի ամրապնդման:
Կարդում ենք առաջին հոդվածը, որը նախկին ԽՍՀՄ սահմանների մասին է, դրանք ճանաչելու մասին. «կողմերը ճանաչում են և կհարգեն միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմանների անձեռնմխելիությունը և քաղաքական անկախությունը»:
Թվում է, որ շատ պարզ, հասկանալի, դիվանագիտական միջպետական ստանդարտի արձանագրում է: Երկրորդ եւ երրորդ հոդվածները նույնպես շարունակում են այդ ստանդարտը, այդպես մինչեւ: Բայց, անցնում ենք տեքստով ու կարդում մինչեւ հոդված 6. «ամբողջությամբ համապատասխանելով սույն Համաձայնագրի հոդված I-ով նախատեսված իրենց պարտավորություններին՝ Կողմերը բարեխղճորեն բանակցություններ կվարեն համապատասխան սահմանային հարցերով հանձնաժողովների միջև՝ համաձայն Հանձնաժողովների համաձայնեցրած կանոնակարգերի՝ Կողմերի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման մասին համաձայնագիրը կնքելու նպատակով»:
Դարձյալ, կարող է թվալ, որ շատ ստանդարտ արձանագրում է:
Բայց, հարգելի ընթերցող, այստեղ ուզում եմ ձեզ հիշեցնել մի կարեւոր նրբերանգ: Հղում է արվում սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովների կանոնակարգերին: Ինչպես հայտնի է, Հայաստանի հանրապետությունը այդ աշխատանքային կանոնակարգը չգիտես ինչու անցկացրել է ամբողջական միջպետական վավերացման գործընթացով՝ այսինքն կառավարությունից ՍԴ, ՍԴ-ից ԱԺ, եւ վերջում՝ նախագահի ստորագրություն: Ուզում եմ նաեւ հիշեցնել, որ այդպիսի վավերացման գործընթացի ենթակա են այն պայմանագրերը, որոնք պետության համար առաջացնում են միջազգային պարտավորություններ:
Հիմա հարց՝ սահմանազատման ու սահմանագծման հարցում ՀՀ միջազգային ի՞նչ պարտավորություն է «կանխատեսվում», որ ընդամենը սահմանազատման հանձնաժողովների աշխատանքային կանոնակարգը անցնում է ներպետական ամբողջական վավերացում: Նշեմ, որ Ադրբեջանի պարագայում չի եղել վավերացման այդպիսի գործընթաց:
Եվ, ի դեպ, նաեւ հիշեցնեմ, որ գրեթե նույնանման՝ ռազմավարական գործընկերության աշխատանքային հանձնաժողովի կանոնակարգը, որ Հայաստանը ստորագրել է ԱՄՆ հետ, եւս չի ենթարկվել ներպետական այդպիսի վավերացման:
Այդպիսով, խաղաղության պայմանագիր կոչված փաստաթղթում առերեւույթ ստանդարտ ձեւակերպումները երբ տեղավորում ենք հայ-ադրբեջանական «իևավա-պայմանագրային» ավելի լայն փազլում, դառնում է ակնառու, որ բուն պրոցեսը նախատեսվում է սահմանազատման եւ սահմանագծման գործընթացով, ոորտեղ Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, աշխատանքաին կանոնակարգին վերաբերել է որպես փաստաթղթի, որը ենթադրում է պետության միջազգային պարտավորություն:
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյան