11.02.2026
Պայմանագրային զինվորական ծառայության անցնողների թիվն ավելանում է. Սուրեն Պապիկյան
prev Նախորդ նորություն

Մեկանգամյա պլաստիկի սպառման սահմանափակումը քաղաքական ու տնտեսական կարեւոր քայլ է. Մկրտչյան

Առաջարկվող փոփոխությունները նախատեսված են Կառավարության ծրագրով՝ որպես շրջակա միջավայրի ոլորտի առաջնահերթ ուղղություն. ամրագրված է մեկանգամյա պոլիեթիլենային արտադրանքի գործածության աստիճանական կրճատումն ու արգելումը: Այս մասին ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը:


««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ փետրվարի 11-ի հերթական նիստում:


Նախագծերի փաթեթով առաջարկվում է 2027 թվականի հունվարի 1-ից առեւտրի, հանրային սննդի օբյեկտներում, առեւտրի իրականացման վայրերում, շրջիկ առեւտրի կետերում, տոնավաճառներում (վերնիսաժներում), ցուցահանդես-վաճառքներում, ինչպես նաեւ բացօթյա առեւտրի իրականացման դեպքում արգելել պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների, պլաստիկից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների եւ սպասքի վաճառքը կամ առկայությունը:


Բացառություն է սահմանված աղբի համար նախատեսված երկրորդային հումքից արտադրված պարկերի, ինչպես նաեւ կշռափաթեթավորման համար օգտագործվող կափարիչով պլաստիկ տարաների համար:


Արգելքը խախտելու համար սահմանվել է պատասխանատվություն՝ առաջին անգամ խախտելու դեպքում նախազգուշացում, իսկ երկրորդ եւ հաջորդող դեպքերի համար տուգանք՝ 100-ից 150 հազար դրամի չափով:


«Մեկանգամյա պլաստիկի սպառման սահմանափակումը Հայաստանում ոչ միայն բնապահպանական, այլեւ քաղաքական ու տնտեսական կարեւոր քայլ է»,- նշել է Արա Մկրտչյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին: Անդրադարձ է կատարվել թղթե պարկերի, մեկանգամյա օգտագործման սպասքի, կտորից կամ այլ թույլատրելի հումքից պատրաստված պարկերի կիրարկության արդյունավետությանը, էկոլոգիական խնդիրների լուծմանը միտված քայլերին:


Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Միքայել Թումասյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ:


Ելույթներում պատգամավորները կարեւորել են նախագծերի փաթեթի ընդունումը:


Եզրափակիչ ելույթում ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալն անդրադարձել է պատգամավորների կողմից բարձրացված հարցերին ու դիտարկումներին:


 

Հայաստանում կյանքի միջին տևողությունը դարձել է 78,6 տարեկան. Ավանեսյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sputnik
09.02.2026
Երևանի կենտրոնում երթևեկությունը կսահմանափակվի ԱՄՆ փոխնախագահի այցի պատճառով