Պայմանագրային զինվորական ծառայության անցնողների թիվն ավելանում է. Սուրեն Պապիկյան
Նախագծով վերանայվում են պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքերը «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայություն անցնող զինծառայողներին ատեստավորված համարելու ուսումնական փուլի ավարտին հանձնվող քննությունների արդյունքներով՝ պայմանով, որ զինծառայողը նշանակվել է ստացած զինվորական մասնագիտությանը համապատասխանող զինվորական պաշտոնի: Իսկ ՀՀ ռազմաուսումնական հաստատություններն ավարտած եւ համապատասխան սպայական պաշտոնի նշանակված զինծառայողներն ատեստավորված են համարվելու ռազմաուսումնական հաստատության ավարտական քննությունների արդյունքներով: Երկու դեպքում էլ հավելավճարը հաշվարկվելու է պաշտոնի նշանակելու օրվանից: Այս մասին ասել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն Ազգային ժողով հերթական նիստում, երբ առաջին ընթերցմամբ քննարկման էր ներկայացնում ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Սուրեն Պապիկյանը նշել է, որ ներկայում «Պաշտպան հայրենյաց» ծրագրով 4000-ից ավելի պարտադիր ժամկետային զինծառայողներ են անցել պայմանագրային զինվորական ծառայության, եւ այս հոսքն ավելանալու միտում ունի: Այդ կապակցությամբ առաջարկվում է «Պաշտպան հայրենյաց» ծրագրով հնգամյա առաջին պայմանագրի ժամկետը լրանալուց հետո 2 կամ 5 տարի ժամկետով հերթական պայմանագիր կնքող զինծառայողների համար եւս նախատեսել պայմանագրի ժամկետի ավարտից հետո պատվովճար ստանալու հնարավորություն՝ 2 տարվա դեպքում՝ 1,5 մլն դրամ, 5 տարվա դեպքում՝ 5 մլն դրամ:
Նախագծի ընդունումը պայմանավորված է նաեւ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայություն անցնող զինծառայողների կողմից պայմանագրային զինվորական ծառայությունը շարունակելու գրավչությունն ապահովելու, ինչպես նաեւ պրոֆեսիոնալ բանակի անցման անհրաժեշտությամբ:
Հարակից ելույթում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարեւորել է առաջարկվող նախաձեռնությունը՝ գործընկերներին հորդորելով կողմ քվեարկել փոփոխություններին:
Մտքերի փոխանակության ընթացքում ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներ Տիգրան Աբրահամյանը եւ Գեղամ Մանուկյանը որոշ դիտողություններ են հայտնել քննարկվող նախագծի առնչությամբ: Մասնավորապես, Տիգրան Աբրահամյանն անհավասար մոտեցում է համարել այն հանգամանքը, որ պատվովճար ստանալու հնարավորություն են ունենալու միայն «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային զինծառայություն անցնող զինվորականները:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանը, Վահագն Ալեքսանյանը եւ Արման Եղոյանը դրական են գնահատել երկրի պաշտպանունակության ոլորտում իրականացվող շարունակական բարեփոխումները: Մասնավորապես, Արման Եղոյանը նշել է, որ ատեստավորված պայմանագրային զինծառայողների աշխատավարձն այսօր շուրջ 620 հազար դրամ է:
Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է փետրվարի 11-ին քննարկված օրենքի նախագիծը: