Հասարակությանը մատուցվում է մի հերթական անհեթեթ միտք, կապված «անխոչընդոտ ճանապարհ» ձեւակերպման հետ, որ կա Թրամպի ուղու ծրագրում, որ Հայաստանը պարտավորվում է տրամադրել Ադրբեջանից Նախիջեւան կապի համար:
Մտքի «հեղինակը» ասում է, թե «բա հո չէ՞ր գրվելու խոչընդոտով ճանապարհ: Եթե անխոչընդոտ չես տալիս, ուրեմն նշանակում է խոչընդոտով ես տալիս»:
Եվ այս անհեթեթությունը հեռուստաեթերով մատուցվում է հասարակությանը, «բռնաբարելով» ողջախոհությունն ու միաժամանակ ոտնահարելով հեռուստադիտողի բանականության կանխավարկածը:
Ներեցեք, բայց տգիտություն է մտածել, թե՝ կամ պետք է գրել անխոչընդոտ ճանապարհ, կամ հակառակ դեպքում՝ խոչընդոտով ճանապարհ:
Մտածող մարդը կհարցնի՝ իսկ հնարավոր չէ՞ պարզապես գրել ճանապարհ՝ տրամադրվում է ճանապարհ, միջազգային նորմերի, իրավական կարգավորումների, համաձայնությունների տրամաբանությանը համահունչ: Միայն տգիտություն է մտածել, որ որեւէ երկրի պետական մաքսային ու սահմանային կառույցների ստուգումները խոչընդոտ են այդ երկրով տարանցիկ անցնող որեւէ այլ պետության քաղաքացիների համար:
Տգիտություն է մտածել, որ, եթե օրինակ հայկական բեռները ստուգվում են Վրաստանի ճանապարհներին, դա խոչընդոտ է Հայաստանի համար: Խոչընդոտն այն է, երբ այդ բեռները ստուգվում են օրենքից եւ իրավունքից դուրս, բացարձակ կամայականությամբ: Բայց, երբ ստուգողները ներկայացնում են դրա օրինական հիմքերն ու իրավական հիմնավորումները, դա բացարձակապես խոչընդոտ չէ:
Իսկ, համաձայնագրում ամրագրվում է «անխոչընդոտ ճանապարհ» ձեւակերպումը, ապա դա ոչ միայն նշանակում է որեւէ ստուգման բացառում՝ լինի հիմնավոր, թե անհիմն, այլ ընդհանրապես՝ տվյալ ճանապարհի վրա որեւէ հայկական ներկայության բացառում: Ինչը եւ գործնականում հաստատվեց հունվարի 14-ի հայ-ամերիկյան համատեղ հայտարարությամբ:
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան