12.08.2025
Ովքեր են արժանի լինել ՔՊ վարչության կազմում Փաշինյանի կարծիքով. ԶԼՄ
prev Նախորդ նորություն

Վաշինգտոնյան «ֆստյուլը» և կույր լավատեսությունը

Երբ մեկը Վաշինգտոնում ստորագրած «ֆստյուլի» մասին գրում է, թե «դե լավ, էդքան էլ վատ տեքստ չի» կամ «հա՛, շատ փայլուն չի, բայց աշխատելու տեղ կա», փորձեք իր էջում գտնել 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետոյի գրառումները ու նայել, թե ինչ էր գրում «եռակողմ հայտարարության» մասին։


Ամենայն հավանականությամբ կպարզվի, որ «անվերապահ աջակցում էր» Նիկոլին ու «ցավալի զիջումներին»։


Ընդհանրապես, «եկեք լավն էլ տեսնենք» մոտեցումը այս դեպքում, մեղմ ասած, տարօրինակ է։ Ոնց որ մեկին բռնաբարեն, հետո տնեցիք ասեն. «Բայց գիտես, արի լավ կողմն էլ տեսնենք. օրինակ՝ կարող էին, չէ՞, համ էլ հեռախոսդ խլեին»։ Էն որ իյա, իրո՞ք։


* * *


Երևի զարմացնեմ նրանց, ովքեր սովոր են այս էջում վերլուծություններ կարդալ. վաշինգտոնյան «ֆստյուլը» չեմ կարդացել, չեմ վերլուծել։


Նախ՝ որովհետև ամենայն հավանականությամբ էս մի թղթի կտորն էլ ադրբեջանցիները ոտնատակ են տալու։


Երկրորդը՝ վերլուծելը իմաստ կունենար, եթե դրանից որևէ իմաստալից գործողություններ բխեին։


Բայց այս պահին ես չեմ տեսնում որևէ ուժ, կամ ընդհանրապես որևէ մեկին, ով պատրաստվում է գործուն կերպով ընդդիմանալ Հայաստանի կործանմանը։


Մենք մի իրավիճակում ենք, որը պահանջում է ազգային բոլոր ռեսուրսների անհապաղ մոբիլիզացիա, ռազմավարության և մարտավարության լրիվ վերանայում, համակարգված պայքար ևն, ևն։


Բայց դիմադրության տրամաբանության արդիականացման ուղղությամբ որևէ շարժ, նույնիսկ շարժի ակնարկ ես չեմ տեսնում։


Ի՞նչ իմաստ ունի հիմա վերլուծելու մի բան, որը մի քանի ամսից կամ 1–2 տարուց գուցե է՛լ բացարձակապես ակտուալ չլինի (վատ իմաստով նկատի ունեմ, որ նույնիսկ այս խայտառակ վատ սցենարը ակտուալ չի լինի, որովհետև իրավիճակն ավելի վատն է լինելու)։ Կամ մինչև սա վերլուծենք, «մարսենք», վաղը նոր՝ ավելի սարսափելի մի օյին կխաղան գլխներիս։ Ու կգնանք էդ հաջորդ օյինը վերլուծելու։


Այսօրվա միակ իրական օրակարգը Հայաստանի ազատագրման ճանապարհը գտնելը պետք է լիներ։ Բայց այսօր նույնիսկ Ջեյ Լոյի հետույքն դեռ ավելի շատ է քննարկվում, քան իրական պայքարը։


Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյան