9.08.2025
Այսօր մենք հասել ենք կարևոր հանգրվանի Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Ստորագրվել է Փաշինյան-Ալիև-Թրամփ համատեղ Հռչակագիրը

Սպիտակ տանը կայացած Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի համատեղ Հռչակագիրը` Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:


Ստորև ներկայացվում է հռչակագրի տեքստը.


«Մենք՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահը և Հայաստանի Հանրապետության վարչապետը, 2025 թվականի օգոստոսի 8–ին հանդիպելով Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում, հռչակում ենք հետևյալը․


1․ Մենք և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Ջ․ Թրամփը ականատես եղանք Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստի նախաստորագրմանը Կողմերի արտաքին գործերի նախարարների կողմից։ Ըստ այդմ, մենք ընդունեցինք Համաձայնագրի ստորագրմանը և վերջնական վավերացմանը հասնելու ուղղությամբ հետագա գործողությունները շարունակելու անհրաժեշտությունը և ընդգծեցինք մեր երկու երկրների միջև խաղաղության պահպանման ու ամրապնդման կարևորությունը։


2․ Մենք ականատես եղանք նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների կողմից Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանն (ԵԱՀԿ) ուղղված՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմումի ստորագրմանը։ Մենք կոչ ենք անում ԵԱՀԿ բոլոր մասնակից պետություններին ընդունել այս որոշումը։


3․ Մենք վերահաստատեցինք ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա, տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։ Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով։


4․ Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Մենք հաստատում ենք մեր վճռականությունը բարեխղճորեն ձեռնարկելու բոլոր միջոցները՝ սույն նպատակին հնարավորինս արագ կերպով հասնելու համար։


5․ Մենք ընդունում ենք անցյալի հակամարտությամբ չկանխորոշված, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանն ու 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան պայծառ ապագայի ուղի նախանշելու անհրաժեշտությունը։ Մարդկային անասելի տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո մեր ժողովուրդների համար ստեղծվել են վերջապես բարիդրացիական հարաբերություններ սկսելու պայմաններ՝ հիմնված միջազգային սահմանների անքակտելիության և տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքների վրա։ Այս իրողությունը, որը ենթակա չէ և երբեք չպետք է ենթակա լինի վերանայման, ճանապարհ է հարթում մեր երկու ժողովուրդների միջև թշնամանքի էջը փակելու համար։ Մենք վճռականորեն մերժում և բացառում ենք վրեժխնդրության ցանկացած փորձ ներկայում և ապագայում։


6․ Մենք արտահայտում ենք մեր համոզմունքը, որ այս գագաթնաժողովը ամուր հիմք է փոխադարձ հարգանքի և տարածաշրջանում խաղաղության առաջմղման համար։


7․ Մենք խորին շնորհակալություն ենք հայտնում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Ջ․ Թրամփին այս կարևոր գագաթնաժողովի հյուրընկալման եւ ցուցաբերած ջերմ ընդունելության, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացում իր նշանակալի ներդրման համար։


Սույն Հռչակագիրը ստորագրվել է 2025 թվականի օգոստոսի 8–ին Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում։


 Իլհամ Ալիև


Ադրբեջանի Հանրապետության նախագահ


 Նիկոլ Փաշինյան


Հայաստանի Հանրապետության
վարչապետ


 Դոնալդ Թրամփ


Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ