6.08.2025
Քննարկվել են Երևանի և Աստանայի համագործակցության հարցեր
prev Նախորդ նորություն

Հայտնաբերվել է 12 կիլոգրամից ավելի մաքսանենգությամբ ներկրված թմրամիջոց

Հուլիսի 27-ի լուսադեմին Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները, Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին ծառայություն իրականացնելիս, նկատել են կասկածելի «Հոնդա» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը չի ենթարկվել կարգախմբի «կանգ ա՛ռ» հրահանգին։


Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։


Սկսվել է հետապնդում։ Պարեկներին հաջողվել է «Հոնդան» հողածածկ ճանապարհին հարկադրաբար կանգնեցնել։ Մինչ այդ՝ հետապնդման ընթացքում, ավտոմեքենայի պատուհանից ուղևորներից մեկը փաթեթներ է նետել փողոց։


Հարկադրաբար կանգնեցնելուց հետո երկու ուղևորին՝ մի տղամարդու և մի կնոջ, պարեկները տեղում ձերբակալել են։ Վարորդը ոտքով շարունակել է փախուստը, սակայն պարեկները նրան բռնել են Մեղրիի շենքերից մեկի բակում։


Կարգախումբին օգնության են հասել Ոստիկանության այլ ծառայությունների աշխատակիցներ։ Իրականացվել է դեպքի վայրի պահպանություն, իսկ քրեական վարույթ նախաձեռնվելուց հետո՝ դեպքի վայրի զննություն։


Հայտնաբերվել է 12 փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածներով, որոնց ընդհանուր քաշը կազմել է 12 կիլոգրամ 660 գրամ։


Հետագա միջոցառումներին ներգրավվել են Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ու Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության քննության գլխավոր վարչության 3-րդ վարչության ծառայողները։


Ապացուցողական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց նաև, թե ում պետք է փոխանցվեր մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներկրված առանձնապես խոշոր չափերի մարիխուանան։


Հաջորդ օրն արդեն Երևան-Երասխ ավտոճանապարհին ձերբակալվեց նաև այդ անձը։


Նրան և Սյունիքում ձերբակալված անձանց մեղադրանք է ներկայացվել։ Չորսն են կալանավորվել են։


Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։


 

Շուրջ 1000 հայկական բեռնատար է հերթագրվել՝ Վերին Լարսի անցակետը հատելու համար
Հաջորդ նորություն next