Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵԽՀ) գլխավոր քարտուղար, վերապատվելի պրոֆեսոր, դոկտոր Ջերի Փիլեյը խորը մտահոգություն է հայտնել Հայաստանում Հայ Առաքելական եկեղեցու հետ կապված վերջին զարգացումների, այդ թվում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իրավապահ մարմինների գործողությունների և բարձրաստիճան հոգևորականների ձերբակալության վերաբերյալ։
Փիլեյը հայտարարություն է տարածել այս կապակցությամբ՝ շեշտելով. «Հայ Առաքելական Եկեղեցին յուրահատուկ և հարգված տեղ է զբաղեցնում հայ ժողովրդի հոգևոր, մշակութային և պատմական կյանքում։ Սրբազան վայրերում ուժի կիրառման և հոգևորականների կալանավորման մասին հաղորդագրությունները լուրջ մտահոգություններ են առաջացնում կրոնական ազատության պաշտպանության, պաշտամունքի սրբության և կրոնական հաստատությունների ինքնավարության վերաբերյալ»։
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը նաև հաշվի է առնում այն ազդեցությունը, որը հանրային հռետորաբանությունը կարող է ունենալ տարածաշրջանային լարվածության պահերին։
Փիլեյը նկատել է, որ կրոնական համայնքների նկատմամբ թշնամական կամ արհամարհական ընկալվող բառապաշարը վտանգում է խորացնել հասարակական բաժանումներն այն ժամանակ, երբ միասնությունն ու փոխըմբռնումն ամենաշատն են անհրաժեշտ։
Փիլեյը կոչ է արել Հայաստանի կառավարությանն ապահովել բոլոր կրոնական առաջնորդների և հաստատությունների պաշտպանությունը, արժանապատվությունը և օրինական իրավունքները, զերծ մնալ այնպիսի գործողություններից կամ հայտարարություններից, որոնք կարող են մեկնաբանվել՝ որպես կրոնական մարմինների թիրախավորում կամ հանրային թշնամանք հրահրող, պահպանել կրոնական ազատության, պատշաճ դատավարության և հավատքի խաղաղ իրացման սկզբունքները, ինչպես նաև խրախուսել պետական հաստատությունների և կրոնական համայնքների միջև բաց և կառուցողական երկխոսությունը։
«Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը համերաշխություն է հայտնում Հայ Առաքելական եկեղեցուն, որի պատմական վկայությունը և երկարատև դերը վաղուց նպաստել են հայ ազգի և համաշխարհային քրիստոնեական միասնության հոգևոր կյանքին և դիմադրողականությանը»,- ասել է Փիլեյը։
«Այս կարևոր պահին մենք կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին գործել պատասխանատվությամբ, զգայունությամբ և համատեղ նվիրվածությամբ այն արժեքներին, որոնք պաշտպանում են արժանապատվությունը, երկխոսությունը և խաղաղ համակեցությունը»,- այսպես է ամփոփել հայտարարությունը Ջերի Փիլեյը։