25.11.2024
Արթուր Աղաբեկյանն ազատվել է Արցախի փոխվարչապետի պաշտոնից
prev Նախորդ նորություն

ՊԵԿ. Խոշոր չափերով վառարանային վառելիքը փորձել են իրացնել իբրև կերոսին ու դիզվառելիք

Պետական եկամուտների կոմիտեն վառելիքի ներմուծման և իրացման շղթայում խոշոր խախտում է բացահայտել: «ԱՐԱԳԳ» ընկերությունը տարեսկզբից ներկրած վառարանային վառելիքն օրենքը շրջանցելով փորձել է իրացնել իբրև կերոսին ու դիզելային վառելիք:


Վառելիքի մի մասը վաճառվել է Գորիսում վառելանյութի մանրածախ առևտրով զբաղվող 2 անհատ ձեռնարկատիրոջ: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերջիններն իրացրել են վառելանյութի մի մասը՝ դիզելային վառելիքի հետ խառնելով: Ներկրողը նաև հաշիվ-ապրանքագիր է դուրս գրել մեկ ընկերության անունով, սակայն հարկային օրենսդրությունը խախտելով՝ փաստացի մատակարարել է մեկ ուրիշին: Տնտեսվարողը նոր խմբաքանակներ է ներկրել Իրանի Իսլամական Հանրապետությունից: Լաբորատոր փորձաքննությունը, սակայն, ցույց է տվել, որ ներկրված վառելիքը չի համապատասխանում մեր երկրում սահմանված ինչպես նախկին, այնպես էլ վերջերս փոխված չափանիշերին, ուստի մաքսային մարմինը չի թույլատրել ապրանքի ձևակերպումը:


«ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները նախկինում ներմուծված և մի քանի ընկերությունների վաճառված ենթադրյալ կերոսինից ու դիզելային վառելիքից փորձանմուշներ են վերցրել և ուղարկել փորձաքննության: Ստացված եզրակացությունների համաձայն` ներմուծված ենթադրյալ կերոսինն իրականում հանդիսանում է վառարանային վառելիք, իսկ ենթադրյալ կերոսինի և դիզելային վառելիքի խառնուրդը` վառարանային վառելիքի ու դիզելային վառելիքի խառնուրդ»,-նշել է ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննության բաժնի պետ Արթուր Ուզունյանը:


«ԱՐԱԳԳ» ընկերությունը վառելիքի մի մասը տեղափոխել է Արմեն Մուրադյանին պատկանող ջերմոց: «Հատկանշական է, որ ջերմոցում տեղադրված 2 վառարանները նախատեսված չեն կերոսինի այրման համար»,-նկատել է կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 1-ին բաժնի պետ Վահրամ Ադամյանը:


«Մարտ ամսին ընկերության ներկրած վառարանային վառելիքի ողջ խմբաքանակից վաճառվել է ընդամենը 285 լիտր, ինչը վկայում է Հայաստանում այդ ապրանքատեսակի պահանջարկի գրեթե բացակայության մասին»,-նշել է ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Գարեգին Առաքելյանը:


«ԱՐԱԳԳ» ընկերության՝ վերջին ամիսների գործունեության մասին տվյալները հիմնավորում են, թե ինչու է ներկրողը ՊԵԿ-ի տեսադաշտում հայտնվել: Սակայն անտեսելով ակնհայտ խախտումները՝ գործարարը խնդրի հետ կապված դիմել էր նաև ԱԺ պատգամավորներից մեկին:


«Ներկրողի և նրա գործընկերների մոտ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները հիմք են տալիս պնդելու, որ տնտեսվարողները թույլ են տվել մի խումբ իրավախախտումներ՝ այդ թվում անապրանք գործարքներ իրականացնելու և սպառողներին մոլորության մեջ գցելու հատկանիշներով»,-ընդգծել է ՕՀՎ պետ Գարեգին Առաքելյանը:


Խոշոր չափերով սպառողներին խաբելու դեպքի առթիվ ՊԵԿ հետաքննության բաժնում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ենթակայության հարցը որոշելու համար: