26.11.2024
Երևանը կյանքի որակի առումով շրջանցել է Կիևին, Բաքվին ու Թբիլիսիին
prev Նախորդ նորություն

Ֆրանսիան խլացնող լռություն է պահպանում Ադրբեջանում բանտարկված Լապշինի գործում. Le Monde

Լե Մոնդ պարբերականում տպագրված հոդվածում Դրոմի նահանգային խորհրդի նախագահ Պատրիկ Լաբոնն անդրադարձել է բլոգեր Ալեքսանդր Լապշինին Բելառուսի կողմից Ադրբեջան արտահանձնմանը՝ նշելով, որ նա արտահանձնվել է Լեռնային Ղարաբաղ այցելության մեղադրանքով:


«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պաշտոնական այցով գտնվում է Փարիզում: Ֆրանսիան վերջինիցս պետք է բացատրություններ պահանջի: Փետրվարի 7-ին տեղի ունեցավ ծայրահեղ լուրջ մի իրադարձություն․ այդ օրը ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Բելառուսից արտահանձնվել է Ադրբեջան՝ վերջինիս պահանջով: Ո’չ Ռուսաստանի, եւ ո՛չ Իսրայելի բողոքները որեւէ բան չփոխեցին: Մոսկվան իր «խորը հիասթափությունն» է արտահայտել հանձնման որոշման կապակցությամբ՝ նշելով, որ այն «չի համապատասխանում Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ դաշնակցային հարաբերությունների ոգուն», իսկ Թել Ավիվը հայտնել է, որ «ուշի ուշով հետեւում է զարգացումներին» եւ «բոլոր շահագրգիռ կողմերի հետ կապի մեջ է դիվանագիտական եւ հյուպատոսական ուղիներով»:


Մտահոգության տեղիք է հատկապես տալիս Ադրբեջանի կողմից մեջբերված եւ քաղաքական պատվեր կատարող Բելառուսի դատարանի կողմից ընդունված արտահանձնման որոշման պատճառաբանությունները․ Ալեքսանդր Լապշինը «հանցագործություն» է կատարել՝ վիրավորելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, եւ, առավել եւս, այցելելով Լեռնային Ղարաբաղ՝ հիմնականում հայերով բնակեցված մի անկախ պետություն, որը Բաքվին էր նվիրաբերվել Ստալինի կողմից: Ինչպես այս գործն է հավաստում, պաշտոնական Բաքուն ամեն ինչ անում է, որպեսզի փորձի մեկուսացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը արտաքին բոլոր շփումներից, որպեսզի այնուհետեւ ավելի հեշտ նրան ագրեսիայի ենթարկի, ինչպես դա տեղի ունեցավ անցյալ տարվա ապրիլ ամսին։


Ադրբեջանը ֆիզիկական եւ իրավական առումներով անապահով երկիր է


Բայց այդ ռազմավարությունը դատապարտված է ձախողման, եւ Լապշինի գործն ավելի շատ է ուշադրություն հրավիրում ղարաբաղյան ժողովրդավարության վրա: Մեզնից շատերն են արդեն այցելել Ստեփանակերտ եւ իրենց վկայությունը բերել ղարաբաղյան ժողովրդավարության ճշմարտացիության եւ ուժի մասին: Լինելով Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամ՝ ես բազմիցս այցելել եմ Լեռնային Ղարաբաղ այդ երկրի ընտրված իշխանությունների հրավերով: 2015 թ․ սեպտեմբերին պաշտոնական Ստեփանակերտի կողմից կազմակերպված «Ֆրանկոֆոնիայի օրերի» կապակցությամբ տարբեր ոլորտներ ներկայացնող երկու հարյուր ֆրանսիացներս քննարկումներ էինք անց կացնում ղարաբաղցի մեր գործենկերների հետ մեր քաղաքների միջեւ բարեկամական կապերն ամրապնդելու եւ զարգացում ապրող մի երկրում տնտեսական հնարավորությունները շահագործելու հնարավորությունները։


Ի՞նչ է մտադիր անել պարոն Ալիեւը։ Մեզ կրկին արգելել մուտք գործել ադրբեջանական տարածք իր անհեթեթ եւ ժամանակավրեպ persona non grata «սեւ ցուցակների» միջոցո՞վ: Իսկ ո՞վ կցանկանա մեկնել մի երկիր, որը ֆիզիկական եւ իրավական անվտանգության այդքան քիչ երաշխիք է ապահովում։


Արտահանձնման պահանջներ ներկայացնել բոլորիս հանդե՞պ: Սակայն անհամար տեղական քաղբանտարկյալներով արդեն բազմամարդ Բաքվի բանտերում բավականաչափ տեղ չի գտնվի մեզ բոլորիս համար: Վերհիշենք, որ Մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունները Բելառուսը եւ Ադրբեջանը համարում են հավասարազոր բռնապետություններ, որոնք համապատասխանաբար զբաղեցնում են 157-րդ եւ 163-րդ հորիզոնականները 180 երկրների շարքում խոսքի ազատության վարկանիշային սանդղակում, որ Բելառուսը պարզապես հեռացվել է Եվրոպայի խորհրդից, որ Ադրբեջանին նույնն է սպառնում, եւ որ, ընդհանուր առմամբ, Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Իլհամ Ալիեւի ՝ «մամուլի ազատության երկու գիշատիչների» ղեկավարության տակ գտնվող այս երկու պետությունները միջազգային հանրության վերջին շարքերում են գտնվում:


Ֆրանսիան սեփական արժեքների վիճարկման հանդիման


Հիշեցնենք նաեւ, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները քննվում են Ֆրանսիայի Ազգային ժողովի տեղեկատվական առաքելության կողմից՝ Բաքվի «խավիարային դիվանագիտության» պատճառով, որի օգնությամբ այդ պետությունը կաշառում է բազմաթիվ եվրոպական պատգամավորների եւ որ առաքելության կողմից իրականացված լսումների հաշվետվությունները մերկացնում են իրականությունը՝ վկայելով, թե ինչ է իրենից ներկայացնում Ադրբեջանը:


Ֆրանսիան առանձնահատուկ պատասխանատվություն է կրում տարածաշրջանում: Նա համանախագահում է ԵԱՀԿ «Մինսկի խումբը»՝ պարտավորվելով աջակցել Հայաստանին, Ադրբեջանին եւ Լեռնային Ղարաբաղին՝ կնքելու խաղաղության պայմանագիր, որը պաշտոնապես վերջ կդնի ավելի քան քսան տարի երկարաձգվող հակամարտությանը: Ադրբեջանի հետ հարաբերությունները չպետք է մեր երկրին դրդեն զոհաբերել սեփական արժեքները, այլ, ընդհակառակը, մեր երկիրը պետք է հստակ կերպով արտահայտի դրանք, ինչպես բոլոր այն սկզբունքները, որոնց վրա պետք է հիմնվեն տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հաստատումը:


Ողջունելի է, երբ մեր դիվանագիտությունը մտահոգվում է վերջերս Մոսկվայում բանտարկված ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի հարցում, սակայն ինչո՞ւ է այդ դիվանագիտությունը շարունակում քար լռություն պահպանել Ալեքսանդր Լապշինի գործի վերաբերյալ, ինչպես նաեւ Ալիեւի վարչակարգի անհամար այլ զոհերի գործերի վերաբերյալ:


Այս ամենը մեզ վրդովվեցնում է, սակայն մեզ քաջալերում է մարդու իրավունքների ցանկացած խախտման, խոսքի ազատության կամայական սահմանափակումների դեմ պայքարելու մեր հաստատակամության մեջ, ինչպես Ադրբեջանում, այնպես էլ այլուր: Այսօր մենք բոլորս Ալեքսանդր Լապշին ենք։