13.05.2025
Հնդկա–պակիստանյան կոնֆլիկտը դեռ անակնկալներ կմատուցի աշխարհին
prev Նախորդ նորություն

Իշխանությանը "ոչ հաճո" թատրոնի տնօրենը հեռացվեց. դարավոր թշնամի Թուրքիայի հերթական զոհը

Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանը պաշտոնից ազատվեց: Նա իշխանության հերթական թիրախն էր, որին իշխանությունը՝ այս դեպքում Երևանի քաղաքապետարանը, հետևողականորեն հասավ:


Մինչ պատճառներին անդրադառնալը, ներկայացնենք Էմին Թորոսյանի հայտարարությունը.


"Վերջին շրջանում առցանց, տպագիր, սոցիալական տեղեկատվական տարբեր միջոցներով Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի և իմ պաշտոնավարության հարցի հետ կապված շատ անդրադարձեր եղան:

Պարտավորված եմ զգում տեղեկացնել բոլոր սրտացավ մարդկանց.

Երևանի քաղաքապետարանից ստացած Որոշումն առ այն, որ այսօրվանից՝ 2025 թվականի մայիսի 13-ից, հիմք ընդունելով մշակույթի վարչության պետ Գոշ Սարգսյանի հիմնազուրկ զեկուցագիրն ուղղված Երևանի քաղաքապետին, աշխատանքային պայմանագրի միակողմանի խզմամբ, դադարեցվում է գործունեությունս Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնում:

Մեկնաբանություններն ավելորդ եմ համարում:

Այս պահին առավե՛լ կարևորում եմ հետևյալը.

Թատերական մասնագիտական ու թատերասեր հանրության, գործընկերներիս, իրենց արդարացի բողոքի ձայնը բարձրացրած բոլոր մարդկանց շնորհակալությունս եմ հայտնում՝ աջակցության, զորակցության, գնահատականների, հոգով ամուր մնալու, եռանդը չկորցնելու և անկեղծ մաղթանքների համար:

Հավատը հույս է ներշնչում, որ կամայականության, հաճկատարության և դիլետանտիզմի փոխարեն, մեր վաղվա օրը, այնուամենայնիվ, արդարության, անկողմնակալության, պրոֆեսիոնալիզմի, մարդկային առողջ հարաբերությունների, նվիրվածության և նույնքան առողջ տրամաբանության գերակայությամբ է առաջնորդվելու:

Առանձնակի շնորհակալությունս հարազատ թատրոնին, ՊՀԹ-ի նվիրյալ աշխատակազմին, գեղարվեստաստեղծագործական խմբի անդամներին, արտիստներին, բոլոր ծառայությունների աշխատակիցներին՝ համատեղ յոթնամյա ադյունավետ գործունեության համար:

Մենք առաջնորդվեցինք համախոհությամբ և հանուն մեր Պատանի հանդիսատեսի անխզելի բարեկամության նպատակասլացությամբ։

Հույս ունեմ, որ դուք էլ այդ տարիներն արդյունավետ եք համարում, քանի որ դրանց ընթացքում միասին ստեղծեցինք ու բեմ բարձրացրեցինք նոր, ժամանակակից լուծումներով աչքի ընկնող մնայուն ներկայացումներ:

Համաշխարհային դրամատուրգիայի, համամարդկային խնդիրների հետ, առաջի՛ն հերթին կարևորեցինք ազգային անկորնչելի արժեքների փառաբանումն ու վերհանումը՝ թատրոնին հասու գեղարվեստական ու գեղագիտական միջոցներով:

Շնորհակալ եմ, հարգելի, սիրելի մարդիկ:
Լա՛վ եղեք"։


Ի դեպ, թատրոնի անձնակազմը պատրատվում է բողոքի ակցիաների այս որոշման դեմ:


Նշենք, որ վերջին ամիսներին թատրոնի շուրջ խնդիրների հիմքում որոշ ներկայացումներ են, որոնք ներառված են խաղացանկում և որոնք ի հայտ են բերում բոլորիս հայտնի ճշմարտությունը, այն է՝ թուրք հայ ազգի թշնամին է, դարեր շարունակ մեզ կոտորել են, փորձել ցեղասպանել, սակայն բոլոր ժամանակներում գտնվել են իշխանություններ, որոնք սա հանդուրժել են և անգամ փորձել բարեկամություն անել մարդասպանների հետ: Օրինակ, ներկայիս իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ով շարունակում է խոսել ինչ-որ առասպելական "խաղաղության" մասին, իսկ դրան զուգահեռ թշնամին ամեն օր կրակում է Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ, վնասում մարդկանց տները, չի թույլատրում, որ մարդիկ այգեգործությամբ ու գյուղատնտեսությամբ զբաղվեն ու տանում նրան, որ գյուղերը դատարկվեն: Էլ չենք խոսում այն մասին, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախում ամեն օր վերացվում է հայկական հետքը, պղծվում գերեզմաններ, քանդվում եկեղեցիներ:


ՀՀ իշխանությունն այս ամենի վրա խորը թքած ունի: Ավելին՝ պայքարում է բոլոր նրանց դեմ, ովքեր հանդգնում են մատնացույց անել այս ամենն ու պատմության դասերը հիշեցնել, թե ի՞նչ է լինում հայի հետ, երբ նա թուրքին ընբդունում է որպես հարևան ու փորձում հավատալ "խաղաղասիրության" մասին հայտարարություններին: Պատանի հանդիսատեսի թատրոնի խաղացանկում է Րաֆֆու "Խենթը", որը հենց մեր օրերի մասին է, նույն թուրքերի ու նույն դավաճանության: Սա է պատճառը, որ Էմին Թորոսյանին հեռացնում են և մտածում, թե այսպես կջնջեն մեր հիշողությունից այն, որ թուրքը ՄԵՐ ԴԱՐԱՎՈՐ ԹՇՆԱՄԻՆ Է: Ու ինչքան իշխանության գա ու գնա, դա մնալու է անփոփոխ:


Ինչպես ասել է Իսրայելի նախկին վարչապետ Գոլդա Մեիրը. «Չի կարելի խաղաղության մասին խոսել նրանց հետ, ովքեր եկել են քեզ սպանելու»: 


Լիա Խոջոյան


 


 

Լեգիտիմացվում է փողով բանակից ազատվելու կոռուպցիոն սխեման
Հաջորդ նորություն next