Հնդկա–պակիստանյան կոնֆլիկտը դեռ անակնկալներ կմատուցի աշխարհին
Իրադարձությունները արդեն խոսույթի մակարդակում այլ հետաքրքիր զարգացում են ստանում։
Հնդկա–պակիստանյան հակամարտության վերջին ակտիվ փուլի ընթացքում Պակիստանն անընդհատ հայտարարում էր, թե Հնդկաստանը որևէ նշանակալի օբյեկտ չի կարողացել խոցել, անգամ Շահբազի և Կարաչիի ավիաբազաների խոցումը համարում էին «չափազանց փոքր վնաս»։ Սակայն հիմա հրապարակ է նետվել նոր թեզ․ իբրև թե Հնդկաստանը հարվածներ է հասցրել Պակիստանի միջուկային օբյեկտներին։
Երեկ մամուլի ասուլիսի ժամանակ Հնդկաստանի ավիացիայի մարշալ Բհարտին ասել է․ «Մենք Կիրանա-Հիլզի ուղղությամբ որևէ հարված չենք հասցրել, ինչ էլ որ այնտեղ եղած լինի։ Շնորհակալություն, որ մեզ հաղորդեցիք, որ Կիրանա-Հիլզում գտնվում է ինչ–որ միջուկային սարքավորում- մենք այդ մասին չգիտեինք»։
Պակիաստանի կողմից այսպիսի հաղորդագրությունների տարածումը՝ ոչ–պաշտոնական, կարծում եմ հենց տեղեկատվական պատերազմի նշանակություն ունեն, և խնդիրը իր վրա ավելի մեծ ուշադրություն հրավիրելու, ինչպես նաև միջուկային վտանգն առավել քան իրական ներկայացնելու միտում ունի։ Այստեղ կա նաև պահուստային տարբերակ՝ ապագայում հնդկական միջուկային օբյեկտների վրա հարձակվելու քարտ–բլանշ ստանալ, վկայակոչելով այս հայտարարությունները՝ դրանց պաշտոնական առոգանություն հաղորդելով։
Հաջորդիվ արդեն Հնդկաստանի վարչապետի հայտարարությունն է հնչում․ «Հնդկաստանը չի հանդուրժի որևէ միջուկային շանտաժ»։
Տևական ժամանակ, չնայած որոշակի բռնկումներին, բայց հնդկա–պակիստանյան կոնֆլիկտը համարվում էր առավել կառավարելի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկու երկրներն էլ ունեն միջուկային զենք։ Սակայն կարծում եմ, հնդկա–պակիստանյան կոնֆլիկտը դեռ անակնկալներ կմատուցի աշխարհին․․․
Քաղաքագետ Արա Պողոսյան