Շուշիի ազատագրումը դեռ ավարտված չէ. Արցախի պահպանության կոմիտե
1992 թվականի այս օրը հայ ժողովուրդը կերտեց իր նորագույն պատմության ամենափառավոր էջերից մեկը։ Ազատագրվեց Շուշին՝ Արցախի սիրտն ու հոգին, մի քաղաք, որն առասպել էր դարձել իր անառիկությամբ ու խորհրդանշական կարևորությամբ։ Հայ զինվորը, Արցախի ու Հայաստանի հերոսները, Հայոց բանակը՝ դեռ ձեւավորման ճանապարհին, համատեղ գործեցին մի աներեւակայելի սխրանք՝ փառքով ազատագրելով Շուշին։
Սակայն այսօր, ավելի քան 30 տարի անց, մենք ցավով արձանագրում ենք, որ Շուշին այլեւս մեր չէ։ Մենք կորցրել ենք ոչ միայն մի քաղաք, այլեւ ազգային արժանապատվության, մարտունակության եւ հաղթանակի խորհրդանիշը։ Շուշիի կորուստը արթնացնում է ոչ միայն վիշտ, այլեւ՝ պատասխանատվություն։
Արցախի պահպանության կոմիտեն հարգանքի տուրք է մատուցում բոլոր այն հերոսներին, ովքեր իրենց կյանքը նվիրեցին Շուշիի ազատագրմանը։ Այսօր մենք հիշում ենք նրանց անուն առ անուն, եւ պարտավորված ենք նրանց հիշատակը պահպանել ոչ թե միայն ծաղիկներով ու արարողություններով, այլ՝ շարունակական պայքարով՝ հանուն հայկական Արցախի։
Մենք հայտարարում ենք՝ Շուշին եղել է, կա եւ լինելու է հայկական։ Եվ քանի դեռ չի վերականգնվել արդարությունը, քանի դեռ Արցախի ժողովուրդը չունի իր անվտանգ ու ինքնիշխան ապագան, մենք չենք լռելու։ Մեր պայքարը շարունակվում է։
Պահանջում ենք բոլոր հայ քաղաքական ուժերից, պետական ու սփյուռքի կառույցներից՝ վերանայել իրենց մոտեցումները եւ որդեգրել ազգային շահից բխող հստակ դիրքորոշում՝ ուղղված Շուշիի եւ Արցախի ամբողջական վերադարձին։
Այս օրը՝ հաղթանակի եւ կորստի միաժամանակյա խորհրդանիշը, թող դառնա արթնացման եւ համազգային վճռականության օր։
Արցախը հայ ժողովրդի հայրենիքն է։ Շուշին մեր ոգու ամրոցն է։ Պայքարը շարունակվում է։
Արցախի պահպանության կոմիտե