«Յանդեքս Հայաստան»-ի ղեկավարը նախարարին է ներկայացրել ապագա նախաձեռնությունները
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 6-ին ընդունել է «Յանդեքս Հայաստան»-ի ղեկավար Արամ Մխիթարյանին և կառավարության հետ կապերի գծով մենեջեր Տիգրան Գասպարյանին։
«Յանդեքս Հայաստան»-ը ներկայացված է առցանց ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների, առաքման և սննդի ծառայություններով, գեոսերվիսներով, ժամանցային հարթակներով, ինչպես նաև կրթական նախագծերով։
Հանդիպման ընթացքում նախարարին են ներկայացվել ընկերության գործունեությանը, ընթացիկ ծրագրերին ու ապագա նախաձեռնություններին, պետություն-մասնավոր համագործակցության հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր։
Ընկերությունը 2017 թվականից սկսած Գյումրիում և Վանաձորում իրականացնում է ծրագրավորման դասընթացներ բարձր դասարանների աշակերտների համար, ինչպես նաև համագործակցում է «Armenian Code Academy»-ի հետ՝ ինժեներական խորացված դասընթացների կազմակերպման նպատակով։ Բացի այդ, Հայ-ռուսական համալսարանում իրականացվում են տվյալագիտության դասընթացներ, իսկ Երևանի պետական համալսարանում՝ գեներատիվ մոդելավորման ինտենսիվ դասընթացներ։