Պետական պարտքը երեք ամսում ավելացել է 4.4%-ով՝ կազմելով 5 տրիլիոն 318 մլրդ դրամ
Պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմում է 5 տրիլիոն 318 մլրդ դրամ՝ 4.4 տոկոսով ավելի, քան նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին էր: Դոլարով արտահայտված՝ նույն ժամանակահատվածում աճել է 5.8 տոկոսով: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«2024-ի արդյունքներով պետական պարտքը ՀՆԱ հարաբերակցությամբ նվազել է 0.1 տոկոսային կետով, ԱՄՆ դոլարով արտահայված` պարտքը կազմում է 13 մլրդ 581 մլն դոլար: Պարտքի ներգրավումն ու ծավալները ներգրավված են ՀՀ բյուջեով և միջնաժամկետ պարտքի ռազմավարությամբ որտեղ բացահայտվում է, թե պարտքի ներգրավման ծավալը և թե դրանց աղբյուրները»,- ասաց նա:
Նախարարը նշեց, որ վերջին տարիներին, ըստ ներգրավման արժույթի և ըստ ռեզիդենտության, ներքին պարտքի ծավալը, մասնաբաժինն ընդհանուրի մեջ աճել է: «Մենք հիմա հասել ենք 50 տոկոս մակարդակի, ինչը բավականին դրական ցուցանիշ է: Նույնիսկ վերջին շրջանում մեր տիպի երկրների գործընկերների հետ շփվելուց, երբ խոսում էինք մեր ներքին շուկայի մեծության մասին, ապա գործընկերները խնդրում էին, որ մենք մեր փորձով կիսվենք և ցույց տանք, թե ինչպես ենք կարողացել ներքին պարտքն այդքանով ավելացնել»,- ասաց նա: