Ավելի քան 30 մեդալ 2 շաբաթում. Ծանրամարտի և ըմբշամարտի դպրոցները պատմություն են կերտում
Ավելի քան 30 մեդալ 2 շաբաթում. Ծանրամարտի և ըմբշամարտի հայկական դպրոցները պատմություն են կերտում:
Հիշեցնենք, Վարազդատ Լալայանը դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն: Հայաստանի հավաքականը 2025 թ. Եվրոպայի ծանրամարտի առաջնությունն ավարտեց 9 մեծ մեդալով՝ 2 ոսկե, 6 արծաթե և 1 բրոնզե։ Ընդհանուր առմամբ (ներառյալ փոքր և մեծ մեդալները) հայ մարզիկները նվաճել են 27 մեդալ՝ 7 ոսկե, 13 արծաթե և 7 բրոնզե։ Ընդհանուր մեդալների քանակով Հայաստանը վստահորեն առաջատարն է մրցաշարում, սակայն ոսկե մեդալների քանակով երրորդ տեղում է՝ զիջելով Բուլղարիային և Թուրքիային։
Հայկական սպորտի այս հաղթարշավի հիմքում տարիների հետևողական աշխատանքն ու փորձն է, նոր սերնդի վճռականությունն ու ազգային ոգին:
"Արժանապատիվ ու վաստակած հաղթանակներին սպասում է ամբողջ հայ ազգը: Հենց այնպես մեդալ չի լինում, պետք է չարչարվել ու այն վաստակել: Կեցցե’ն մեր մարզիկներն ու նրանց տաղանդաշատ մարզիչները, ովքեր վեհությամբ են բարձրացնում եռագույնը՝ դառնալով ոչ միայն սպորտային նվաճումների, այլև ամբողջ ժողովրդի հպարտության խորհրդանիշ",- Հայաստանին մեդալ բերած, հաղթանակ նվիրած մարզիկների ու նրանց մարզիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Օլիմպիական կոմիտեն դեռ կպարգևատրի չեմպիոններին, իսկ մինչ այդ Գագիկ Ծառուկյանը հիշեցրեց, որ ընդամենը օրեր անց մենք տոնելու ենք Հայրենական մեծ պատերազմում մեր ծնողների, պապերի տարած հաղթանակի 80-ամյակը, որին նվիրված կոնյակ է արտադրվել 1945 թվականի խաղողի բերքից, որն էլ նվիրեց հաղթանակ կերտած տղաներին՝ անհատապես բոլորին շնորհակալություն հայտնելով հաղթանակի համար, որը հպարտությամբ է լցրել աշխարհասփյուռ հայերի սրտերը:
"Այսօր մեր ազգը կարիք ունի հաղթանակների, հայ ազգը իրավունք չունի կոտրվելու և հիասթափվելու: Մեր հիմնական խնդիրը միասնական, մեկ բռունցք լինելու մեջ է",- հավելեց իր խոսքը ՀԱՕԿ նախագահը: