Հայաստանը միայնակ էր արհավիրքի առջև, եկել եմ այդ մասին խոսելու. Սյոնմեզը Երևանում է
Շվեյցարացի վավերագրող լուսանկարիչ Դեմիր Սյոնմեզը, ով ծագմամբ հայ է, Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ ժամանել է Հայաստան: Մեր երկրում նա գրքարշավ է իրականացնում՝ ներկայացնելով իր նոր աշխատությունը, որտեղ ներկայացված է Արցախի անկումն ու 2020-2023թթ. վավերագրությունը:
Սյոնմեզը գրում է մարդու իրավունքների, սոցիալական արդարության և բազմազանության թեմաներով։ «Լրագրողներ առանց սահմանների» (Reporters Sans Frontières) և Լրագրողների միջազգային ֆեդերացիայի (FIJ) անդամ է։ 2009-ից սյունակ է վարում Tribune de Genève պարբերականում: Նրա աշխատանքները ցուցադրվել են բազմաթիվ միջազգային ցուցահանդեսներում և հրապարակվել ամսագրերում:
Դեմիր Սյոնմեզը տարիներ շարունակ իր մասնագիտական գործունեությամբ ներկայացրել է հայկական ժառանգությունը միջազգային հարթակներում՝ հռչակ բերելով հայ ժողովրդի պատմությանն ու մշակութային ժառանգությանը։
Սյոնմեզը Հայաստան է ժամանել Գագիկ Ծառուկյանի հրավերով: Վերջինիս հետ հանդիպմանը քննարկվել են մի շարք մշակութային նախաձեռնություններ, որոնք հայտնի վավերագիրը նախատեսում է կյանքի կոչել՝ գաղափարակից և հայրենանվեր մարդկանց աջակցությամբ:
«Երբ ազգը միասնական է, մի բռունցք է, ապա ցանկացած խնդիր իր համար լուծելի է, իսկ եթե մասնատված է, կտոր-կոտր է, մենք հաջողություն չենք կարող ունենալ»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:
Իր հերթին Սյոնմեզը, անդրադառնալով իր վավերագրությանը նշեց, որ փաստը, որ Հայաստանը միայնակ էր միջազգային կոալիցիայի դեմ և կռվում էին ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի և Իսրայելի բանակները՝ ջիհադիստները, անընդունելի էր.
«Այս արհավիրի դիմաց Հայաստանը միայնակ էր, ես եկել եմ այդ պատմության մասին խոսելու: Հիմա էլ Ադրբեջանը նույն ձև շարունակում է մշակութային ցեղասպանությունը ՝ ոչնչացնելով հայկական հետքը»,- նշեց նա:

Հանդիպման ավարտին Գագիկ Ծառուկյանը Դեմիր Սյոնմեզին ի նշան երախտագիտության իր ազգային արմատներին հավատարիմ, հայրենանվեր գործունեության նվիրել է վերջին օրերին սահմանափակ քանակությամբ թողարկված, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված կոնյակը:
Նշենք, որ Դեմիր Սյոնմեզը Հայաստանում արդեն այցելել է Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի, Նոր Հաճնի Սուրբ Ամենփրկիչ և Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցիներում՝ ձևավորելով հերթական վավերագրությունը: