Կրթության ոլորտում աղջիկներն ավելի ակտիվ են, քան տղաները. Հայաստանի վարչապետ
Լուսանկարը` primeminister.am
«Անզեն աչքով կարելի է նկատել՝ կրթության ոլորտում աղջիկներն ավելի ակտիվ են, քան տղաները», - հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում:
«Մենք նաև սրա մասին վկայող ապացույց ունենք. կանանց ներգրավվածության առումով տեխնոլոգիական ոլորտում աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկն ունենք, եթե ոչ՝ ամենաբարձրը: Սա իմ ասած տեսական թեզի գործնական արտահայտումն է: ՏՏ համակարգն այն եզակի տեղերից է, որ առանց կրթական մինիմումի հնարավոր չէ ներգրավվել և աշխատել», - նշել է կառավարության ղեկավարը:
Փաշինյանի խոսքով՝ կանանց ակտիվության զարգացումը նաև կարևոր է տնտեսության և աղքատության հաղթահարման համար. «Այսօր բազմաթիվ ընտանիքներ կապրեին ավելի լավ, եթե կանայք իրենց տնտեսական ներուժը լիարժեք իրացնելու հնարավորություն ունենային: Այդ խնդիրը կա ամենուր, ներառյալ՝ Երևանում»:
Ապրիլի 23-ին Հայաստանի կառավարությունը քննարկեց և հաստատեց 2025-2028 թվականների համար նախատեսված գենդերային քաղաքականության իրականացման նոր ռազմավարությունը:
Ռազմավարությամբ սահմանվում են գենդերային հավասարության ապահովման վեց գերակայություններ, որոնք վերաբերում են կառավարման, սոցիալ-տնտեսության, կրթության, առողջապահության, ընտանեկան բռնության կանխարգելման և կլիմայական քաղաքականության ոլորտներին: Փաստաթուղթը մշակվել է մասնակցային և փաստահեն մոտեցմամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և միջազգային գործընկերների աջակցությամբ: