Հայաստանում հաստատվել է բժշկական գործունեությանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը
Լուսանկարը` newsarmenia.am
Հայաստանի կառավարությունն ապրիլի 17-ի նիստում հաստատել է բժշկական աշխատողների անհատական և անցումային անհատական լիցենզիաների ստացման հետ կապված կարգավորող դրույթները։ Հաստատվել է նաև մասնագիտական բժշկական գործունեության իրականացմանը խոչընդոտող ֆիզիկական արատների կամ հիվանդությունների ցանկը։
Ընդունված որոշման համաձայն՝ ավագ բուժաշխատողները և կլինիկական օրդինատորները (կլինիկական ռեզիդենտները), ինչպես նաև ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատություններում սովորող անձինք պետք է անհատական կամ անցումային անհատական լիցենզիա ստանալու հայտեր ներկայացնեն լիցենզավորման հարթակի միջոցով։
Որոշմամբ սահմանվել են լիցենզիաների ստացման կոնկրետ ժամկետներ․ ավագ բուժաշխատողները պետք է անհատական լիցենզիա ստանան մինչև 2027 թվականի հունվարի 1-ը, իսկ կլինիկական օրդինատորները (կլինիկական ռեզիդենտները) և ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատություններում սովորող անձինք՝ մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։
Հատուկ նշանակություն ունի հաստատված ֆիզիկական արատների և հիվանդությունների ցանկը, որոնք անհամատեղելի են բժշկական գործունեության հետ։ Այս ցանկից հիվանդությունների առկայությունը հիմք կհանդիսանա բուժաշխատողի անհատական լիցենզիայի տրամադրումը մերժելու կամ դրա գործողությունը դադարեցնելու համար։ Փաստաթղթում նշված է, որ եթե ցանկում նշված է հիվանդությունների ամբողջ դասը, ապա այդ դասի մեջ մտնող բոլոր հիվանդությունները համարվում են մասնագիտական բժշկական գործունեության իրականացման խոչընդոտ։