Պատանի հանդիսատեսի թատրոնին չի տրամադրվել պայմանագրով սահմանված ֆինանսավորումը
Երևանի Պատանի Հանդիսատեսի Թատրոնը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում.
"Հարգելի հետևորդներ, հանդիսատես, արվեստասեր հասարակություն, ԶԼՄ ներկայացուցիչներ և պարզապես մարդիկ որոնց համար թանկ է Պատանի Հանդիսատեսի թատրոնը:
Հաշվի առնելով վերջին օրերին ՊՀԹ-ի շուրջ ծավալված խնդիրները և խոսակցությունները՝ ցանկանում ենք տրամադրել որոշակի տեղեկատվություն։
Հաշվի առնելով, որ շուրջ 6 տարի Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվող սուբսիդիայի պայմանագիրը կնքվել է անխոչընդոտ, ուստի ակնհայտ է և պարզ, որ 2025 թվականի քաղաքապետարանի կողմից առաջարկվող սուբսիդիայի պայմանագրի դրույթների հետ կապված թատրոնն ունի որոշակի դիտարկումների և ճշգրտումների կարիք, քանի որ առկա է փոփոխություն։
Թատրոնի ղեկավար կազմը փորձել է ստանալ որոշակի ճշգրտումներ, պարզաբանումներ, սակայն ապարդյուն։
2 ամիս շարունակ, խնդիրը բարձրաձայնելուն զուգահեռ՝ թատրոնի տնօրինությունը հնարավորություն է ունեցել աշխատակիցներին ապահովել աշխատավարձով։ Թեպետ ունենալով առարկություններ՝ ս/թ-ի մարտ 18-ին թատրոնի տնօրենն ի վերջո ստորագրեց քաղաքապետարանի կողմից տրամադրված սուբսիդիայի պայմանագիրը, այսկերպ ապահովելով թատրոնի բնականոն գործուներությունը և աշխատակիցներին չներգրավվելով և չծանրաբեռնելով ադմինիստրատիվ աշխատանքներում։ Ստորագրումից մինչ այսօր, թատրոնին չի տրամադրվել պայմանագրով սահմանված ֆինանսավորումը, որտեղից էլ պետք է փոխանցվեր նաև աշխատակիցների աշխատավարձը։
Ցանկանում ենք տեղեկացնել, որ մինչ այսօր թատրոնում չի խաթարվել ստեղծագործական աշխատանքը։
Այս գրառման ավարտին ցանկանում ենք ևս մեկ անգամ հիշեցնել, որ տարին հոբելյանական է, թատրոնը նշում է հիմնադրման 95- ամյակը։
16.04.2025 թվական