16.04.2025
Ատելության քարոզ Արցախից տեղահանված մեր հայրենակիցների նկատմամբ՝ որպես ուղղորդված ֆաշիզմ
prev Նախորդ նորություն

Ոչ թե Ալիեւն է պարտավորվում, այլ Ադրբեջանն է ակնկալում ԵՄ-ից գազի դիմաց

Լուսանկար՝ abcmedia.am
Լուսանկար՝ abcmedia.am

Ադրբեջանի նախագահ Ալիեւը հայտարարում է, որ Հայաստանը պետք է տրամադրի անխոչընդոտ ճանապարհ՝ առանց մաքսային ու սահմանային հսկողության:


Իհարկե, այս հայտարարությունները մեր հանրության մեջ արդեն սկսել են «ընկալվել» սովորական: Բայց, ամբողջ հարցն այն է, որ այս ձեւակերպումներն ըստ էության օգտագործում է ոչ միայն Ալիեւը, այլ նաեւ Ուրսուլա ֆոն դե Լայենը:


Վերստին հիշեցնեմ, Սամարղանդում նրա հայտարարությունը, որ Տրանսկասպիական տրանսպորտային միջանցքի կամ Միջին միջանցքի շրջանակում Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի երկրների միջեւ պետք է լինեն անխոչընդոտ սահմաններ, Հայաստանում արժանացավ գրեթե զրո ուշադրության:


Իսկ Ալիեւը «որսաց» պահն ու մի քանի օր անց օգտագործելով Բաքվում ինչ որ միջազգային ֆորումի առիթը, հայտարարում է, որ Հայաստանը պետք է տա անխոչընդոտ հաղորդակցության հնարավորություն: Սա խաղ է Բրյուսելի հետ այսպես ասած նույն «ալիքի վրա լինելու» հաշվարկով:


Երբ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Սամարղանդում ունենում էր իր ելույթը, այդ ընթացքում Հայաստանում էր Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն, որի հանդիպումների առանցքում հայ-ադրբեջանական թեման էր:


Գրոնոն չի մեկնել Բաքու: Ինչու՞: Բաքվից ակնկալիքներ չկա՞ն, թե՞ ակնկալիքը միայն գազն է, ինչի համար Ադրբեջան էր մեկնել էներգետիկայի հարցերով եվրահանձնակատարը: Ի դեպ, Ալիեւը նրա առաջ բարձրաձայնել էր, թե Ադրբեջանին պետք է երաշխիք, որ առաջիկա տարիներին Եվրոպայում ադրբեջանական գազը կլինի պահանջարկ ունեցող: Այլ կերպ ասած՝ երկարաժամկետ նոր պայմանագիր: Եվ, դատելով հայտարարություններից, նա ստացել է այդ երաշխիքը՝ գոնե նախնական տարբերակով: Գիտենք, որ 2022 թվականին նույն ֆոն դե Լայենը Ալիեւի հետ Բաքվում կնքում էր հնգամյա գործակցության պայմանագիրը, որը լրանում է 2027-ին: Այժմ Ալիեւն ըստ ամենայնի փորձում է ցրցամ տալ դրանից հետո եւս մի հնգամյակի պայմանագիր, եթե ոչ ավելի:


Ամբողջ հարցն այն է, որ այդ հարաբերակցությունում ավելի ամուր դիրք ունի Ալիեւը, քան ԵՄ-ն, որքան էլ հնչի պարադոքսալ: Եվ այդ համատեքստում, մեծ է հավանականությունը, որ ոչ թե Ալիեւն է ինչ որ բան պարտավորվում ԵՄ-ից գազի գնման երաշխիքի դիմաց, այլ Ադրբեջանն է գազի մատակարարման դիմաց ակնկալում ինչ որ բան ԵՄ-ից, այդ թվում գուցե Հայաստանի հանդեպ ճնշում՝ «անխոչընդոտ ճանապարհի» համար:


Իսկ ճնշումը, ինչպես ասել եմ, միշտ չէ, որ լինում է կոշտ: Ավելին, երբ ձեզանից շատ ուժեղը ձեզ շատ է խնդրում անել կամ համաձայնել ինչ որ բանի, շատ շատ է խնդրում, դա եւս ճնշման ձեւ է, որովհետեւ նա ուժեղ է շատ, հետեւաբար խնդրանքը մերժելը ձեռնտու չէ: Սա փոքր ինչ պարզեցված տրամաբանությամբ, բայց ճնշման մեթոդոլոգիայի բազմազանությունը ներկայացնելու համար:


Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան

Իշխանությունը զբաղված է հասարակության մեջ ատելության դոզան բարձրացնելու գործով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ tert.am
16.04.2025
Վրաստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան