23.03.2025
ՆԳՆ-ն հերքում է վրացական պետհամարանիշների զանգվածային գողության մասին տեղեկությունները
prev Նախորդ նորություն

Հայաստանը համոզված է, որ ժամանակն է դադարեցնել տարածաշրջանային հակամարտությունները

Հայաստանը մեծապես կարևորում է Արևելյան գործընկերությունը (ԱլԳ)՝ որպես շրջանակ, որը էականորեն նպաստել է երկրի ժողովրդավարական անցմանը և ԵՄ-ի հետ երկկողմ համագործակցության ամրապնդմանը։ Այս մասին հայտարարել է Բելգիայում Հայաստանի դեսպան և ԵՄ-ում ՀՀ ներկայացուցիչ Տիգրան Բալայանը Բրյուսելում տեղի ունեցած Արևելյան գործընկերության (ԱլԳ) բարձր մակարդակի պաշտոնյաների հանդիպման ժամանակ։


Հանդիպմանը քննարկվել է Արևելյան գործընկերության 2025-2027 թվականների աշխատանքային ծրագրի նախագիծը, որին Հայաստանը աջակցում, և որի առաջարկները կարող են խթանել գործընկերությունը։ Դեսպան Բալայանն իր ելույթում ողջունել է բազմաշերտ ներգրավվածության մոտեցումը, որը հիմնված է պայմանականության և «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքի վրա, փոխանցում է «Արմենպրես»-ը։ 


Տիգրան Բալայանը նշել է, որ ԱլԳ-ն կարևոր ձևաչափ է՝ ընդհանուր մարտահրավերներին համատեղ արձագանքելու, ժողովրդավարական դիմակայունությունը, ապատեղեկատվության դեմ պայքարը, վստահության ամրապնդումը և քաղաքացիական հասարակության զարգացումն ապահովելու համար։


«Հայաստանը համոզված է, որ ժամանակն է դադարեցնել տարածաշրջանային հակամարտությունները և հաստատել խաղաղ համակեցություն ապագա սերունդների համար։ ԵՄ-ն կարող է օգտագործել իր փափուկ ուժը՝ ապահովելու համար, որ տարածաշրջանային ծրագրերը ներառական լինեն և չբացառեն որևէ երկիր։ Օրինակ՝ Սևծովյան ստորջրյա մալուխի նախագիծը, որը կարող է դառնալ տարածաշրջանային համագործակցության նոր հարթակ», - ասել է դեսպան Բալայանը։


Տիգրան Բալայանը ընդգծել է, որ փոխկապակցվածության հարցերը շարունակում են մնալ օրակարգի առաջնային կետերի շարքում։ «Այս համատեքստում Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը հիմնված է ինքնիշխանության, անվտանգության, փոխադարձության և հավասարության սկզբունքների վրա, կարող է առանցքային դեր խաղալ տարածաշրջանային կապերի և համագործակցության ամրապնդման գործում», - ասել է դեսպան Բալայանը։


Տիգրան Բալայանն իր ելույթն ավարտել է` նշելով, որ Հայաստանը պատրաստակամ է հյուրընկալել ԱլԳ միջոցառումները և շուտով կներկայացնի իր առաջարկները։


 


 

ՀՀ ՊՆ-ն հերքում է հրադադարի ինտենսիվ խախտման մասին լուրերը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
17.03.2025
Ուիտքոֆը մեկնեց Բաքու, Արևմուտքն այժմ այլ առաջնահերթություններ ունի. պատգամավոր