Հայաստանը խստացնում է վերահսկողությունը ռազմավարական ապրանքների նկատմամբ
Լուսանկարը` BMG
Հայաստանի կառավարությունը ներդնում է ռազմավարական կարևորության մետաղների առևտրի կարգավորման նոր մեխանիզմներ՝ միաժամանակ խթանելով տեղական արտադրության զարգացումը։
Գործադիրը մարտի 20-ի նիստում ընդունել է որոշում՝ ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների՝ սև և գունավոր մետաղների և դրանցից արտադրվող արտադրատեսակների արտաքին առևտուրը կանոնակարգելու վերաբերյալ։ Միաժամանակ սահմանվել են պետական աջակցության միջոցներ տեղական մետալուրգիական և մետաղամշակման ձեռնարկությունների համար՝ բարձր ավելացված արժեք ունեցող ավելի բարդ արտադրանք արտադրելու նպատակով։
Ընդունված որոշումը նպատակաուղղված է երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող սև և գունավոր մետաղների վերամշակման խորացմանը։ Սա պետք է նպաստի ներմուծման կրճատմանը, ավելի բարձր ավելացված արժեքով տեղական ապրանքների արտադրության զարգացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը։
Կառավարությունն առաջարկում է պետական աջակցության հետևյալ գործիքը՝ ֆինանսական օգնություն գնորդներին, որպեսզի նրանք ձեռք բերեն որոշակի արտադրանք տեղական արտադրող-վաճառողներից։ Նախատեսվում է սուբսիդավորում ՀՀ տարածքում գործող և լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից ստացվող նպատակային վարկերի տոկոսադրույքի 10%-ի չափով այն տնտեսավարողների համար, որոնք Հայաստանում ձեռք կբերեն տեղական արտադրության առաջին փուլում ստացված արտադրանքները։
Ձեռնարկատերերի համար սա կստեղծի հասանելիություն ֆինանսական միջոցներին՝ վերամշակման համար, ապահովելով արտադրության անընդհատությունը տեղական արտադրողների կողմից արտադրված և նպատակային ծրագրով սահմանված ապրանքների ձեռքբերման միջոցով։ Սա կնպաստի Հայաստանում արտադրական շղթայի երկարացմանը, հետևաբար նաև արտադրության ծավալների ավելացմանը և տնտեսական աճին։
Մեկ այլ որոշմամբ էլ նախատեսվում է սուբսիդավորել այն վարկերը, որոնք ներգրավվում են արտադրական գործընթացն իրականացնելու համար՝ սահմանված ապրանքների՝ տեղական արտադրողի կողմից պահեստում ժամանակավոր պահման ժամանակահատվածում։ Սահմանված ապրանքների իրացման դեպքում պետությունը նախատեսում է սուբսիդավորել յուրաքանչյուր իրացրած տոննան 10 հազար դրամի չափով։