Գերմանիայի դեսպանը կարևորել է Հայաստանի առաջընթացը մարդու իրավունքների ոլորտում
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը մարտի 19-ին հանդիպել է մեր երկրում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշի հետ:
Ողջունելով և շնորհավորելով Կլաուդիա Բուշին դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Ռուստամ Բաքոյանը մաղթել է նրան արդյունավետ աշխատանք մեր երկրում: Հանձնաժողովի փոխնախագահը կարևորել է հայ-գերմանական հարաբերությունների դինամիկ զարգացումը և համագործակցությունը տարբեր ուղղություններով, հատկապես՝ տարածաշրջանում ժողովրդավարության ամրապնդման առումով:
Պատգամավորը ներկայացրել է իր գլխավորած հանձնաժողովի գործունեության ոլորտները, խոսել այս պահին հանձնաժողովի քննարկման տիրույթում գտնվող «Իրավահավասարության ապահովման և հակախտրականությունից պաշտպանության մասին» և «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենսդրական նախաձեռնությունների մասին՝ մանրամասնելով դրանցում մի շարք դրույթներ բարեփոխելու դրդապատճառները:
Անդրադառնալով օրենսդրական նախաձեռնությունների մշակման գործում քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությանը՝ պատգամավորը նշել է, որ 2018 թվականից հետո մեր երկրում բարձրացել է քաղհասարակության դերն ու տարբեր գործընթացներում վերջինիս ներգրավվածությունը:
Խոսելով Հայաստան-Եվրամիություն սերտ համագործակցությունից, ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկից՝ Ռուստամ Բաքոյանն այդ գործընթացում կարևորել է Գերմանիայի ակտիվ ներգրավվածությունը:
Քննարկվել են մարդու իրավունքների խախտումներին, Ադրբեջանում գտնվող հայ գերիների և պահվող այլ անձանց առնչվող հարցեր: Ըստ Ռուստամ Բաքոյանի՝ հանձնաժողովը պարբերաբար նամակագրության միջոցով միջազգային գործընկերներին տեղեկացնում է իրավիճակի մասին՝ ակնկալելով, որ վերջիններս միջազգային ատյաններում ոչ միայն կբարձրաձայնեն ու կդատապարտեն, այլև կգտնեն այնպիսի գործիքակազմեր, որոնցով հնարավոր կլինի ազդել Բաքվում հայերի նկատմամբ իրականացվող դատավարությունների վրա:
Գերմանիայի դեսպանը կարևորել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի առաջընթացը, խոսել տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության խորացման մասին: