Բաքվում ապօրինի ազատազրկվածների իրավունքերի պաշտպանությունը առաջնահերթ է. ՄԻՊ
Մենք ունենք անձանց խումբ, որոնք ապօրինի կերպով ազատությունից զրկված են, գաղափարն այն է, որ, միանշանակ, բոլորի իրավունքների պաշտպանությունը պետք է առաջնահերթ լինի։ Այդ մասին Կառավարությունում լրագրողներին ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայերի խնդրին։
«Իհարկե, մտահոգությունները շատ են՝ սկսած խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հնարավոր իրավիճակներից և այլն։ Ես ինքս բազմիցս նշել եմ, որ անկախ ամեն ինչից՝ չի կարելի պատկերացնել անկախ և անկողմնակալ դատավարություն Ադրբեջանում էթնիկ հայերի նկատմամբ, և այս առումով նաև ողջունում եմ ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարի հայտարարությունը հարցի հետ կապված՝ մասնավորապես Ադրբեջանում կամայականորեն ազատությունից զրկված բոլոր անձանց, այդ թվում՝ էթնիկ հայերի ազատ արձակման մասով»,- նշեց ՄԻՊ-ը։