ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին լրագրողներն այսօր հիշեցրեցին իր այն հայտարարությունը, թե ինքը համարում է, որ այդ գերիները չկան (խոսքը Բաքվում ապօրինի պահվող գերիների մասին է):
Սիմոնյանը լրագրողներին մեղադրեց նրանում, թե այդ հայտարարությունը կոնտեքստից կտրած են ներկայացնում և ստացվում է, որ ինքն ասել է, թե Հայաստանի համար այդ գերիները ոչնչություն են, իրենք գոյություն չունեն:
"Դա այդպես չէ: Երբ ես բանակում ծառայել եմ, ես կանգնել եմ պոստի, իմանալով, որ ես կարող է չվերադառնամ: Ես պատասխանատու եմ ոչ միայն անհատապես ամեն ՀՀ քաղաքացու և զինվորի համար, այլ գլոբալ առումով Հայաստանի Հանրապետության համար: Եվ պնդում եմ այն, ինչ ասել եմ. ՀՀ զինվորականները այն բանի համար են, որ պետք եղած ժամանակ իրենց կյանքով և ազատությունով պաշտպանեն Հայաստանի շահերը, և եթե հարց կանգնի՝ ես կընտրեմ Հայաստանի Հանրապետությունը",- ասաց նա:
Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանի շահը ավելի բարձր է, քան անհատական իր շահը: Անգամ օրինակ բերեց.
"Եթե ես ինքնաթիռում լինեմ և հարց լինի Հայաստանի Հանրապետության գոյության, խփեք այդ ինքնաթիռը՝ անգամ վայրկյան չմտածելով: Բոլորը պետք է այդպես մտածեն",-ասաց նա:
Անդրադառնալով ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Ոսկանյանի քննադատություններին, ով մտահոգ է գերիների վերադարձի հարցով, Ալեն Սիմոնյանը հայտարարեց.
«Ինքը վաղուց թոշակի է գնացել, թող հանգիստ իր թոշակով զբաղվի»,-ասաց նա:
Ապա մեղադրեց՝ Վարդան Օսկանյանը 10 տարի հնարավորություն ուներ իր փառահեղ մտքերը և դիվանագիտությունը գործի դնելու, սակայն արդյունքում Արցախը դուրս է թողել բանակցություններից Ռոբերտ Քոչարյանի հետ և հարցը չի լուծել: