Մի շարք միջազգային կառույցների հետ համագործակցող հասարակական կազմակերպություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ պահանջելով Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի մանրակրկիտ ուսումնասիրություն:
Հայտարարութթյան մեջ ասվում է.
«Որպես համաշխարհային մասշտաբի սփյուռքահայ խոշոր կազմակերպություններ և Հայաստանի Հանրապետությունում գործող ՀԿ-ներ, մենք՝ ներքոստորագրյալներս, կոչ ենք անում անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու մեծահամբավ հայազգի բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ Ադրբեջանի քաղաքական հետապնդումները:
Անմարդկային պայմաններում այժմ արդեն տասնութամսյա գերության մեջ գտնվող Վարդանյանը մեղադրվում է Ադրբեջանի դեմ մի շարք հանցագործություններում՝ 2020 թվականի պատերազմի և դրան հաջորդած ժամանակահատվածում Արցախի հայերի կողքին կանգնելու իր որոշմամբ։ Պարոն Վարդանյանը վերջերս հացադուլ հայտարարեց՝ ընդգծելու միջազգային միջամտության հրատապ անհրաժեշտությունը՝ կանխելու արդար դատաքննություն անցնելու իր հիմնարար իրավունքի հետագա խախտումները. պահանջ, որ բխում է միջազգային իրավունքի օրենքներից:
2025 թվականի փետրվարի 19-ին Բաքվի բանտից իր ընտանիքի հետ ունեցած կարճ հեռախոսազրույցի ընթացքում պարոն Վարդանյանը մատնանշել է պատշաճ ընթացակարգերի և միջազգային չափանիշների բացահայտ խախտումներն Ադրբեջանի կողմից։ Նա անդրադարձել է դատավարական լուրջ խախտումներին, որոնք խափանում են գործընթացը և վերահաստատել, որ իր հանդեպ հետապնդումը մաս է կազմում շատ ավելի մեծ դավադրական ձգտումների՝ քրեականացնելու բոլոր այն հայերին, որոնք աջակցություն են ցուցաբերել արցախցիներին։
Պարոն Վարդանյանը հաստատել է նաև, որ կալանավայրում իր դեմ դաժան վերաբերմունք է ցուցաբերվում, և, որ իրեն ստիպել են ստորագրել գործին վերաբերող կեղծ փաստաթղթեր և զրկել պաշտպանությանը նախապատրաստվելու իրավունքից։ Սրանք Ադրբեջանի՝ մարդու իրավունքները խախտող մարտավարություններից մի քանիսն են միայն, որոնք միտված են ամեն գնով Վարդանյանին մեղավոր ճանաչելուն։
Ցավոք, պարոն Վարդանյանի` հայ կալանավորների դեմ մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ նախորդ դիմումը միջազգային կազմակերպություններին և լրատվամիջոցներին մնաց անպատասխան, ինչը հանգեցրեց էլ ավելի ծանր հետևանքների: Նրա ներկայիս հացադուլը ոչ միայն բողոք է, այլև օրհասական նախազգուշացում. շարունակական լռությունն ու անգործությունը միայն կվատթարացնեն հայ ռազմագերիների և Ադրբեջանի կողմից ապօրինի կերպով ձերբակալված քաղաքացիական անձանց դրությունը:
Մենք խստորեն կոչ ենք անում վճռական դիրքորոշում որդեգրել Ալիևի ռեժիմի դեմ՝ վերականգնելու արդարությունը, մարդկային արժանապատվությունը և օրենքի գերակայությունը, քանի դեռ ուշ չէ։
Կոչ ենք անում պահանջել՝
Արդարություն Բաքվում ապօրինի կալանավորված հայազգի բոլոր քաղբանտարկյալների և ռազմագերիների համար
Անհապաղ և մանրակրկիտ քննություն Ռուբեն Վարդանյանի նկատմամբ դաժան վերաբերմունքի և նրա իրավունքների շարունակական ոտնահարումների վերաբերյալ, որոնք խոչընդոտում են արդար դատաքննության ընթացքին
Դատական վարույթներում թափանցիկություն և հաշվետվողականություն՝ հասանելիություն ապահովելով անկախ միջազգային դիտորդների և իրավական ներկայացուցիչների հետ
Հրատապ գործողություններ՝ Ադրբեջանին պարտադրելու կատարել իր միջազգային պարտավորությունները և դադարեցնել Հայաստանի քաղաքացիների նկատմամբ քաղաքական դրդապատճառներով հետապնդումները
Մենք լիահույս ենք, որ կդիմեք այս հրատապ խնդրի լուծմանն ուղղված վճռական գործողությունների և մեծապես կգնահատենք, եթե մեզ տեղեկացնեք ձեր գործողությունների և ջանքերի ընթացքի մասին։
Հարգանքով՝
Հայկական բարեգործական ընդհանուր միություն
«Աֆեյան» հիմնադրամ
«ԱՐԲԱՆԵ համահայկական ծրագրեր» հիմնադրամ
«Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» հիմնադրամ
«Ազնավուր» հիմնադրամ
Հ.Հովնանյան ընտանեկան հիմնադրամ
«Օրրան»
«Դասավանդի՛ր, Հայաստան»
Հայկական իրավական պաշտպանության ճակատ
«Թուֆենկյան» հիմնադրամ
«Մենք ենք մեր սարերը» գործակալություն
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ (FAST)
ViVA
Society for Threatened Peoples
Հայ օգնության միություն
Traveling Doctors NGO in Armenia
Traveling Doctors Public Charity US
Artsakh Humanitarian Assistance Initiative
Գերմանահայոց կենտրոնական խորհուրդ (ZAD)
Working Group Recognition – Against Genocide, for International Understanding (AGA) «Տաշիր» հիմնադրամ
«Ակն ընդ ական» վավերագրողների համայնք
«ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան հիմնադրամ»
Արցախի սոցիալական զարգացման հիմնադրամ
Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն
«Արար» հիմնադրամ
«Առաքելություն Հայաստան» ՀԿ
«Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամ»: