27.02.2025
Լուսանկարը` factor.am
prev Նախորդ նորություն

Մեղմել անցումային շրջանը. գործադիրը հաստատել է փոքր բիզնեսի աջակցության ծրագիրը

Լուսանկարը` hetq.am
Լուսանկարը` hetq.am

Հայաստանի կառավարությունը փետրվարի 27-ին հաստատել է շրջանառության հարկ վճարող և առևտրային գործունեությամբ զբաղվող փոքր ձեռնարկատիրության սուբյեկտների աջակցության ծրագիր: Նոր նախաձեռնությունը նպատակ ունի մեղմել անցումային շրջանը ձեռնարկատերերի համար՝ 2025 թվականի հունվարի 1-ից հարկային օրենսդրության փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո:


Կառավարության նիստում ծրագիրը ներկայացնելով՝ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ընդգծեց, որ որոշումը մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ ակտիվ երկխոսության արդյունք է: Նրա խոսքով, տարեսկզբից ուժի մեջ մտած շրջանառության հարկի համակարգի փոփոխությունները նպատակաուղղված են վաճառքի նպատակով հարկ վճարողների կողմից կատարվող ձեռքբերումների և այլ ծախսերի պատշաճ փաստաթղթավորման տնտեսական խթանների ձևավորմանը, ինչը վերջնական հաշվով պետք է նպաստի ստվերային շրջանառության կրճատմանը:


Սակայն հարկման նոր պայմաններում ժամանակավոր խնդիր է առաջացել. առևտրով զբաղվող շրջանառության հարկ վճարող շատ սուբյեկտներ 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեցել են նախկինում ձեռք բերված զգալի ապրանքային մնացորդներ: Ընդ որում, այդ ապրանքների մի մասի համար նրանք կա՛մ չունեն ձեռքբերումը հաստատող փաստաթղթեր (քանի որ մինչև հունվարի 1-ը առանց փաստաթղթերի գնումների համար պատասխանատվություն նախատեսված չի եղել, իսկ չփաստաթղթավորված գործունեության դեպքում առավելագույն հարկային բեռը կազմել է ընդամենը 5%՝ ներկայիս 10%-ի փոխարեն), կա՛մ ունեն հաստատող փաստաթղթեր, բայց դրանց մասով մինչև 2025 թվականի հունվարի 1-ը շրջանառության հարկը նվազեցվել է ընդամենը 4%-ով՝ ներկայում հնարավոր 9,5%-ով նվազեցման փոխարեն:


Այս կապակցությամբ, ըստ կառավարության գնահատման, անհրաժեշտ է աջակցություն անցումային ժամանակաշրջանում, որը կտևի 2025 թվականի առաջին և երկրորդ եռամսյակները: Ծրագիրը թույլ կտա ձեռնարկատերերին ցածր հարկային բեռի պայմաններում իրացնել նախկինում առանց փաստաթղթերի ձեռք բերված ապրանքները, ինչպես նաև հնարավորություն ստանալ 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա և փաստաթղթերով հաստատված ապրանքային մնացորդների մասով հարկի լրացուցիչ նվազեցում կատարելու:


Ֆինանսների նախարարը հատուկ ուշադրություն դարձրեց շրջանառության հարկ վճարողների համար պետական աջակցության ժամանակաշրջանում իրենց բիզնես մոդելը վերանայելու անհրաժեշտությանը այնպես, որ 2025 թվականի հուլիսի 1-ից հետո ձեռքբերումները և այլ ծախսերը կատարեն հիմնականում փաստաթղթային ձևակերպմամբ: Այդ դեպքում, ըստ նրա խոսքերի, ոչ միայն հարկային բեռի բարձրացում չի լինի, այլ կարող է նաև դրա նվազեցում տեղի ունենալ:


Աջակցություն ստանալու համար անհրաժեշտ է համապատասխանել մի շարք պայմանների. 2024 թվականին առևտրային գործունեություն իրականացնելը, 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ և աջակցության ստացման հաշվետու եռամսյակներում շրջանառության հարկ վճարողի կարգավիճակ ունենալը, դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ շրջանառության հարկի պարտավորությունների լրիվ կատարումը:


Բացի այդ, եռամսյակի արդյունքներով առևտրական գործունեությունից շրջանառության հարկի գումարը պետք է գերազանցի այդ գործունեության մասով իրացման շրջանառության 5%-ը, կամ հարկ վճարողի մոտ պետք է առկա լինի նախորդ եռամսյակներում կատարված ծախսերի մասով շրջանառության հարկի չնվազեցված և փոխանցված գումար: Անհրաժեշտ է նաև հարկային մարմին ներկայացնել 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ առևտրական գործունեության մասով ապրանքային մնացորդների մասին տեղեկատվություն:


Ծրագրի շրջանակներում աջակցությունը կտրամադրվի 2025 թվականի առաջին և երկրորդ եռամսյակների համար՝ եռամսյակի արդյունքներով հաշվարկված շրջանառության հարկի գումարի և նույն ժամանակաշրջանում այլ գործունեության մասով իրացման շրջանառության 5% կազմող գումարի դրական տարբերության չափով: Կամ եռամսյակի արդյունքներով հաշվարկված շրջանառության հարկի գումարի և նույն ժամանակաշրջանում այդ գործունեության մասով իրացման շրջանառության մեկուկես տոկոս կազմող գումարի դրական տարբերության չափով՝ եթե առկա է նախորդ եռամսյակներում կատարված ծախսերի մասով հարկի չնվազեցված և փոխանցված գումար:


Աջակցություն ստանալու համար հարկ վճարողը պետք է հարկային մարմին ներկայացնի սահմանված ձևի դիմում: 2025 թվականի առաջին եռամսյակի համար դիմումը կարելի է ներկայացնել մինչև 2025 թվականի մայիսի 10-ը ներառյալ, իսկ 2025 թվականի երկրորդ եռամսյակի համար՝ մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը ներառյալ:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով ծրագիրը, նշել է. «Մենք եկել ենք այն եզրակացության, որ մենք ստվերը խթանող այդ հատվածում պետք է որոշակի գործողություններ անենք և հարկը ավելացնենք ստվերի գինը բարձրացնելու համար, բայց օրինական հարկը պետք է նվազեցնենք: Շրջանառության հարկի հետ սա է տեղի ունեցել: Նվազեցման հնարավորությունը. եթե ամեն ինչ օրինական տրամաբանությամբ է գնում, հարկը իրականում նվազել է՝ դառնալով 1 տոկոս: Շրջանառության 1 տոկոսի մասին է խոսքը»:

ԿԳՄՍ նախարարը ՀՀ-ում Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները
Հաջորդ նորություն next