Հայաստանի կառավարությունը փետրվարի 27-ին կայացած նիստում որոշել է տրամադրել 150 միլիոն դոլարի բյուջետային երաշխիք «Լիդիան Արմենիա» ընկերության բնականոն գործունեությունն ապահովելու համար: Այս որոշումը կարող է շրջադարձային պահ դառնալ հանրապետության հանքարդյունաբերության ոլորտի և ընդհանուր տնտեսության զարգացման համար:
Ներկայացված նյութերի համաձայն, «Լիդիան Ռիսորսիզ Արմենիա Լիմիթեդ» ընկերությունը նախկինում պետությանը նվիրել է 12 503 բաժնետոմս, որը կազմում է ընկերության բաժնետոմսերի ընդհանուր փաթեթի 12,5%-ը: Այս քայլը դարձել է կառավարության և Ամուլսարի ոսկու հանքավայրը զարգացնող ներդրողի միջև գործընկերության մի մաս:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ծրագրի լիարժեք իրականացումը զգալի ազդեցություն կունենա երկրի տնտեսության վրա: Ակնկալվում է, որ հանքի գործունեության ուղղակի և անուղղակի ազդեցությունը տարեկան կավելացնի Հայաստանի ՀՆԱ-ն 1,0-ից 1,5%-ով: Շրագիրն ունի նաև այլ սոցիալ-տնտեսական ազդեցություն. շինարարության փուլում կստեղծվի ավելի քան 1000 աշխատատեղ, իսկ շահագործման ժամանակաշրջանում մշտական աշխատանք կստանան շուրջ 700 մասնագետներ ընկերության տարբեր ստորաբաժանումներում:
Բյուջետային երաշխիքի ակտիվացման դեպքում միջոցների վերադարձի պահանջների ապահովման համար կառավարությունը որոշում է կայացրել օգտագործել առևտրային բանկերի օգտին հաջորդող գրավի մեխանիզմը: Սա թույլ կտա նվազագույնի հասցնել պետական բյուջեի ռիսկերը:
Հարկ է նշել, որ երաշխիքի տրամադրումը կմեծացնի երկրի բյուջեի պարտքային բեռը: Կանխատեսումների համաձայն, 2025 թվականին Հայաստանի պետական պարտքն արդեն կգերազանցի օրենքով սահմանված ՀՆԱ-ի 50% շեմը և կհասնի 54,3%-ի: Նախատեսվող երաշխիքի գումարը կկազմի 2025 թվականի համար կանխատեսվող անվանական ՀՆԱ-ի 0,58%-ը:
Կառավարությունը մանրակրկիտ կշռել է բոլոր կողմ և դեմ փաստարկները՝ համադրելով ֆինանսական ռիսկերը հանքարդյունաբերության ոլորտի և հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման պոտենցիալ օգուտների հետ: Հաշվի են առնվել նաև համաշխարհային շուկայում ոսկու ընթացիկ գները, որոնք ծրագիրը դարձնում են տնտեսապես նպատակահարմար:
Երաշխիքի տրամադրման կարևոր պայման է հանդիսանում որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում ընկերության կողմից իր ակտիվների շուկայական գնահատման վերաբերյալ անկախ աուդիտորական կազմակերպության կողմից հաստատված հաշվետվության ներկայացումը:
Ծրագրի հաջող իրականացման դեպքում ակնկալվում է պետական բյուջեի եկամուտների աճ: Սակայն երաշխիքի նյութականացման դեպքում բյուջեի ծախսերը կարող են ավելանալ մինչև 150 միլիոն դոլարի չափով: