33 տարի առաջ այս օրն Ադրբեջանում ներքաղաքական բախումները հասան պիկին և այդ ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովին պաշտոնանկ անելու նպատակով, իշխանությունը վերցնելու մրցավազքին դուրս եկած ուժերը, սեփական ժողովրդի նկատմամբ դաժան հաշվեհարդար տեսան:
Իրադարձությունները, որոնք 1992 թվականի փետրվարին, նույն Ադրբեջանում ամրագրվեցին որպես սեփական ժողովրդի դեմ հաշվեհարդար` ներքաղաքական նպատակներով, հետագայում փորձ արվեցին ներկայացնել Ադրբեջանի դեմ իրականացված ցեղասպանություն:
Դա այն փուլն էր, երբ Արցախի ինքնապաշտպանական ուժերն աստիճանաբար լռեցնում էին մայրաքաղաք Ստեփանակերտի ու նրա հարակից գյուղերի ուղղությամբ հարձակումներն ու հրթիռակոծությունները և օպերացիաներից մեկն էլ Իվանյան (նախկին Խոջալու) բնակավայրի ուղղությամբ էր:
Ադրբեջանցիները բնակավայրը վերածել էին կրակակետի` որպես վահան օգտագործելով այնտեղ նախապես տեղափոխված թուրք մեսխեթցիներին:
Օպերացիայից 2-3 օր առաջ, հայերը բարձրախոսներով հայտարարեցին ոչ միայն գործողությունների մասին, այլ խաղաղ բնակչությանն իրազեկվեց այն միջանցքի մասին, որտեղով խաղաղ բնակչությունը Կարկառ գետի հովտով պետք է դուրս գար դեպի Աղդամ, որը վերահսկվում էր ադրբեջանցիների կողմից:
Սակայն ըստ ադրբեջանցիների, իշխանության համար պայքար մղող Ազգային ճակատի դրդմամբ, խաղաղ բնակչության մի մասը այդպես էլ դուրս չի բերվել Խոջալուից, մի մասին ուղղորդել են սխալ ուղղությամբ, իսկ միջանցքով Աղդամ հասած խաղաղ բնակիչների մի մասը գնդակահարվել են ադրբեջանցի գրոհայինների կողմից, որպեսզի Ադրբեջանում իշխանափոխության գործընթացը գլուխ բերվի, ինչն էլ հետագայում տեղի ունեցավ:
Կրկնում եմ` Աղդամ բնակավայրի այն հատվածը, որտեղ տեղի ունեցավ սեփական ժողովրդի դեմ վայրագություն, ամբողջությամբ գտնվում էր ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ:
Տարօրինակ զուգադիպությամբ, ադրբեջանական վայրագություններն ու սեփական ժողովրդի դեմ իրականացրած սպանդի մասին խոսող վկաները, դրանք արձանագրած օպերատորը, այն իր թերթում տեղադրած «Մոնիտոր»-ի խմբագիրը անհայտ անձանց կողմից հետագայում սպանվեցին, իսկ դրա մասին հրապարակային խոսողները տարբեր ժամկետներով ազատազրկման ենթարկեցին, այսինքն` փորձ արվեց մաքրել հետքերը:
Հետագայում, սեփական պատմությունն ու դրա խայտառակ էջը խմբագրելու նպատակով, Ադրբեջանի իշխանությունները փորձեցին այն վերագրել Արցախի ինքնապաշտպանական ուժերին, սակայն տեղի ունեցածն արդեն արձանագրվել ու փաստավավերագրական նյութերի էր վերածվել ոչ միայն ադրբեջանցիների (նրանցից շատերին հետո ֆիզիկապես ոչնչացրեցին), այլ արտերկրի լրատվամիջոցների ու լրագրողների կողմից:
Որքան էլ Հայաստանի այսօրվա իշխանությունը լռություն և թուլամտություն է դրսևորում ինչպես այդ, այնպես է, Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում հայերի նկատմամբ տեղի ունեցած սպանդի և բռնի տեղահանությունների մասին, Ադրբեջանի ռազմական հանցագործությունները, այդ թվում` իր ժողովրդի նկատմամբ, նաև միջազգայնորեն ամրագրված փաստեր են:
ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան