Բնօգտագործման վճարի դրույքաչափերը կվերանայվեն
Առաջարկվում է վերանայել կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերը: Այս մասին ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը` փետրվարի 25-ին գումարված ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագիծը:
Նախարարի խոսքով դրույքաչափերը սահմանվել են 1998 թվականին եւ վերջին անգամ վերանայվել 2006 թվականին: Մասնավորապես, սիգ ձկնատեսակի օգտագործման համար բնօգտագործման վճարի դրույքաչափը կազմում է 65 դրամ, որը 2006 թվականից հետո չի վերանայվել: Նախագծով առաջարկվում է կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերը 2 անգամ բարձրացնել եւ միայն սիգ ձկնատեսակի համար եռապատկել բնօգտագործման վճարի դրույքաչափը:
Ըստ ուսումնասիրությունների` հանրապետությունում 1 կգ սիգ ձկնատեսակի մանրածախ վաճառքի գինը կազմում է 1000 դրամ, իսկ սառեցված սիգն արտահանվում է մեկ կիլոգրամը մոտ 1400 դրամով: Բնօգտագործման վճարը միջինում կազմում է սիգի վաճառքի գնի ընդամենը 5,7 տոկոսը: Հետեւաբար, գործող բնօգտագործման վճարի ցածր դրույքաչափը չի նպաստում կենսապաշարների` մասնավորապես սիգ ձկնատեսակի ողջամիտ օգտագործմանը:
Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: