Հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ են արվել
Նախագծերով առաջարկվում է պետական, ինչպես նաեւ ենթակա պետական մարմիններին հանձնված պետության սեփականությանը պատկանող հողերը մշտական օգտագործման կամ նվիրատվության տրամադրել «Պետական գույքի կառավարման մասին» օրենքով սահմանված կարգերով, պետական գույքի կառավարման լիազոր մարմնի կողմից Հողային օրենսգրքով, օգտագործման տրամադրման կամ նվիրատվության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգերով:
«ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում կից փաթեթով առաջարկվող փոփոխություններն ու լրացումներն ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի` փետրվարի 25-ին գումարված հերթական նիստի ընթացքում ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը:
Հիմնական զեկուցողի խոսքով գործող կարգավորումների համաձայն, ըստ էության, պետական սեփականություն հանդիսացող հողերի սեփականատեր հանդիսանում է պետությունը, սակայն զրկված է օրենսդրությամբ սահմանված կարգով լիարժեք տնօրինելու եւ տիրապետելու հնարավորությունից, եւ, ըստ էության, հողամասերի հանրային օգտակարության բարձրացման կամ տնտեսական շրջանառության մեջ դնելու ուղղությամբ քայլեր չեն իրականացվում: Բացի այդ, ներկա պահին պետական մարմինների տնօրինությանն են հանձնված օտարման կամ հետագա կառավարման համար նախատեսված հողամասեր, որոնց գծով Կառավարությունը` ի դեմս կոմիտեի, համապատասխան լիազորություններ չունենալու պատճառով չի կարողանում իրականացնել արդյունավետ կառավարում, այդ թվում` անհատույց օգտագործման կամ նվիրատվության տրամադրում:
Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն: