24.02.2025
Լուսանկարը` armenpress.am
prev Նախորդ նորություն

Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո 429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում. ԿԽՄԿ

Լուսանկարը` newsarmenia.am
Լուսանկարը` newsarmenia.am

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան ներկայացուցչությունը հրապարակել է 2024 թվականի ընթացքում հակամարտության հետևանքով բաժանված ընտանիքներին օգնություն ցուցաբերելու իր գործունեության հաշվետվությունը։ Այս ժամանակահատվածում կազմակերպության Երևանի և Գորիսի գրասենյակներում ստացվել է մոտ 1290 զանգ և այց։


Հաշվետվության համաձայն, 62 ընտանիք դիմել է ԿԽՄԿ՝ իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով և բացել որոնման հայտեր։ Ընտանիքների կողմից ստացված դիմումների համաձայն, 429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում հակամարտության 2020-2023 թվականների սրացումների հետևանքով։ ԿԽՄԿ-ն շարունակում է աշխատել համապատասխան կառույցների հետ՝ որոնման և նույնականացման գործընթացը դյուրացնելու և ընտանիքներին հուզող հարցերին պատասխաններ տալու ուղղությամբ։


Մարդասիրական առաքելության շրջանակներում իրականացվել է Կարմիր խաչի 557 բանավոր, տեսաձայնային և գրավոր հաղորդագրությունների փոխանակում հակամարտության առնչությամբ ազատազրկվածների և նրանց ընտանիքների միջև։ ԿԽՄԿ-ն նաև կանոնավոր կերպով այցելում է պահվող անձանց՝ դիտարկելով ազատազրկման պայմանները և նրանց նկատմամբ վերաբերմունքը, ինչպես նաև նպաստում է հարազատների հետ նրանց կապի պահպանմանը։


Կազմակերպության աջակցությամբ երեք անձ Ղարաբաղից տեղափոխվել է Հայաստան։