Հայ պատանդների ազատման հարցը դնել Բաքվի հետ բանակցային սեղանին. հայտարարություն
Լուսանկարը` Sputnik
Գերեվարումից ու մեկուկես տարի տեւած տանջալից հարցաքննություններից հետո, այս օրերին ընթանում է Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարների շինծու եւ կեղծ դատավարությունը՝ մեղադրյալների իրավունքների կոպիտ խախտումների, ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաների ամբողջական խախտման պայմաններում։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայ ազգային ռամկավար կուսակցության հիմնադիրների խորհուրդը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Նրանց հյուծված ու տանջահար դեմքերը վկայում են ֆիզիկական ու հոգեկան խոշտանգումների, կանոնավոր պարբերականությամբ կրած տառապանքների մասին, իսկ Ռուբեն Վարդանյանի հացադուլը հուշում է մահվան ընդառաջ գնացողի հուսահատություն…
Մինչդեռ Հայաստանի իշխանությունները բացարձակ լուռ են, անտարբեր, նույնիսկ՝ արհամարհական։
Հայ Ազգային Ռամկավար կուսակցության Հիմնադիրների Խորհուրդը չի կարող հանդուրժել այս խայտառակ կացությունը, որն ուղղված է ոչ միայն Արցախի բռնադատվող ղեկավարության, այլեւ Հայ ժողովրդի ու Հայոց պետականության դեմ։
Իր զորակցությունը հայտնելով Բաքվի զնդաններում պահվող հայ պատանդներին՝ Հայ Ազգային Ռամկավար կուսակցության Հիմնադիրների Խորհուրդը Հայաստանի իշխանություններից պահանջում է՝
1. Հայ պատանդների ազատման հարցը դնել Բաքվի հետ բանակցային սեղանին՝ որպես աներկբա նախապայման։
2. Զորաշարժի ենթարկել դիվանագիտական իր ողջ կորպուսը, Հայաստանում թե արտասահմանում՝ ի խնդիր մեր ռազմագերիների ազատ արձակման։
3. Արդարադատական պետական բոլոր մարմինների միջոցով հայցեր ներկայացնել միջազգային համապատասխան բոլոր ատյաններին՝ ազդու միջամտությամբ անհապաղ ազատ արձակելու մեր ռազմագերիներին։
Միաժամանակ՝ Հայ Ազգային Ռամկավար կուսակցության Հիմնադիրների Խորհուրդը կոչ է անում համայն հայության բոլոր հատվածներին ու կազմակերպություններին՝ դուրս գալ անտարբերության թմբիրից եւ բողոքի, ճնշումների ու հանրայնացման բոլոր ձեւերով ու միջոցներով ձեռնարկել մեր հայրենակիցների կյանքն ու արժանապատվությունը օր առաջ փրկելու գործին։ Ու միշտ հիշել, որ Բաքվում ընթացող դատական գործը, ի դեմս մեր ռազմագերիների, ուղղված է բոլորիս դեմ, մեր ժողովրդի ու մեր պետության դեմ։