4.03.2025
Լուսանկարը` Sputnik
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն տրամադրել է Հայաստանին խոստացված ֆինօգնության կեսից պակաս գումար

Լուսանկարը` Sputnik
Լուսանկարը` Sputnik

Հայաստանը 2024 թվականին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում նախատեսված 250 միլիոն դոլարի փոխարեն ստացել է ընդամենը 110 միլիոն դոլար: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից՝ ի պատասխան Sputnik Արմենիայի գրավոր հարցման:


Խոսքը 2024 թվականի սեպտեմբերին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Հայաստանում USAID առաքելության տնօրեն Ջոն Ալելոյի միջև ստորագրված փաստաթղթի մասին է, որով փոփոխություններ էին կատարվել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության զարգացմանն ուղղված դրամաշնորհային համաձայնագրում: Արդյունքում USAID-ի համաձայնագրով նախատեսված գումարի շեմը գրեթե կրկնապատկվել էր՝ 120 մլն դոլարից հասնելով 250 մլն դոլարի, ինչպես նաև ընդլայնվել էին համատեղ ծրագրերի ուղղությունները:


ԱԳՆ-ում նշել են, որ ներկայումս Պետդեպարտամենտի և USAID-ի կողմից ֆինանսավորվող արտաքին աջակցության բոլոր ծրագրերը սառեցված են, իսկ գերատեսչությունը գործակալության հետ համատեղ ծրագրեր չունի: «2024 թվականի դրությամբ 250 մլն դոլարից հատկացվել է 110 մլն դոլար, որի շուրջ 49 մլն դոլարը ուղղվել է «Ժողովրդավարական անցման խթանմանը»», - պարզաբանել են ԱԳՆ-ից:


Այս նախաձեռնության շրջանակում իրականացվել է 5 ծրագիր՝ օրենքի գերակայություն և մարդու իրավունքներ (6,6 մլն դոլար), լավ կառավարում (շուրջ 18,9 մլն դոլար), քաղաքական մրցակցության և փոխհամաձայնության ձևավորում (շուրջ 8 մլն դոլար), քաղաքացիական հասարակություն և լրատվամիջոցներ (13,6 մլն դոլար), մարդասիրական օգնություն (1 մլն դոլար):


Շուրջ 60 մլն դոլար բաշխվել է ծրագրերի միջև «տնտեսական անվտանգության բարելավման» շրջանակում. մասնավոր հատվածի արտադրողականության բարձրացմանը հատկացվել է մոտ 29,8 մլն դոլար, աշխատուժի զարգացմանը՝ շուրջ 3,2 մլն դոլար, էներգետիկ ծառայություններին՝ շուրջ 25,8 մլն դոլար, մարդասիրական օգնությանը՝ 1 մլն դոլար:


Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը USAID ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին, որն իր հերթին Կոնգրեսին տեղեկացրել էր արտաքին օգնության քաղաքականության վերանայման մասին: Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը USAID-ն անվանել էր «հանցավոր կազմակերպություն», որը ժամանակն է, որ «մեռնի»: X սոցցանցի իր առանձին գրառման մեջ նա հայտարարել էր, որ գործակալությունը «օձի բույն էր արմատական ձախակողմյան մարքսիստների համար, որոնք ատում են Ամերիկան»:


Մինչ այդ արևմտյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Թրամփի վարչակազմը արձակուրդ է ուղարկել USAID-ի մոտ 60 բարձրաստիճան պաշտոնյաների այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները դադարեցրել է այլ երկրներին օգնության տրամադրումը:

Լուսանկարը` Sputnik
Հաջորդ նորություն next