Բաքվում հետաձգվել է Արցախի նախկին ղեկավարների գործով դատական նիստը
Լուսանկարը` armenpress.am
Բաքվում հետաձգվել է Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ անօրինական դատական գործընթացի հերթական նիստը, որը նախատեսված էր փետրվարի 24-ին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, նիստը հետաձգվել է մինչև փետրվարի 27-ը՝ մայրաքաղաքում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բաքվում անօրինական կալանքի տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարություն է հղել միջազգային հանրությանը՝ ի նշան Ադրբեջանում իր դեմ կեղծ դատավարության դեմ բողոքի։
«Ես որոշել եմ հացադուլ հայտարարել՝ ի նշան իմ նկատմամբ իրականացվող դատական ֆարսի։ Սա իմ պատասխանն է միջազգային իրավունքի և Ադրբեջանի դատավարական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներին։ Այն, ինչ կատարվում է դատարանի դահլիճում, չի կարելի համարել դատավարություն։ Դա քաղաքական շոու է, որտեղ ցուցադրաբար արհամարհվում է արդար դատաքննության իմ իրավունքը», - հայտարարել է Ռուբեն Վարդանյանը։
Ադրբեջանն անօրինական ձերբակալել և կեղծ մեղադրանքներ է առաջադրել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին, պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանին, պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Մանուկյանին և պետնախարար Ռուբեն Վարդանյանին։
Կեղծ մեղադրանքներ են առաջադրվել նաև Վասիլի Բեգլարյանին, Էրիկ Ղազարյանին, Դավիթ Ալահվերդյանին, Գուրգեն Ստեփանյանին, Լևոն Բալայանին, Մադաթ Բաբայանին, Գարիկ Մարտիրոսյանին և Մելիքսեթ Փաշայանին։
Ռուբեն Վարդանյանի նկատմամբ քրեական գործն անջատվել է մյուսների գործից, և դատաքննությունն անցկացվում է առանձին։ Թե՛ Ռուբեն Վարդանյանի, թե՛ մյուս մեղադրյալների գործով առաջին դատական նիստերը տեղի են ունեցել հունվարի 17-ին։