22.02.2025
Հանցավոր խումբը ներկայացել է որպես վարկերի տրամադրման միջնորդ կազմակերպություն
prev Նախորդ նորություն

Հայաստանը կանգնած է հումանիտար և անվտանգային լուրջ խնդիրների առջև

parliament.am
parliament.am

Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի 19-րդ լիագումար նիստում։


«Ձերդ գերազանցություննե՛ր,


Հարգելի՛ գործընկերներ,


Տիկնա՛յք և պարոնա՛յք,


Առաջին հերթին ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Սենատի նախագահ Իգնացիո Լա Ռուսսային, Պատգամավորների պալատի նախագահ Լորենցո Ֆոնտանային և Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի նախագահ Էնաամ Մայարային՝ այս հեղինակավոր միջոցառմանը ելույթ ունենալու հրավերի համար:


Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովը եզակի հարթակ է, քանի որ այն անդրադառնում է այնպիսի հարցերի, ինչպիսիք են ահաբեկչության դեմ պայքարը, վստահության ամրապնդումը, խաղաղության աջակցությունը, հակամարտությունների կարգավորումը, տնտեսական ինտեգրումը և շատ այլ հրատապ խնդիրներ, որոնց այսօր բախվում է աշխարհը:


Հայաստանը խոր քաղաքակրթական առնչություններ ունի միջերկրածովյան ազգերի հետ, որոնք ձևավորվել են դարերի պատմական կապերի հիման վրա: Հայկական սփյուռքն իր կենսունակ ներկայությամբ ամբողջ տարածաշրջանում երկար ժամանակ կամուրջ է ծառայել մշակութային փոխանակման և ամուր հարաբերությունների համար:


Մեր երկիրը Միջերկրածովյան միության անդամ չէ, սակայն կազմակերպության հետ համագործակցում է կայուն զարգացման և տարածաշրջանային կայունության հետ կապված նախաձեռնությունների շրջանակներում: Առաջնորդվելով տնտեսական, մշակութային և աշխարհաքաղաքական շահերով՝ մենք ակտիվորեն փոխգործակցում ենք տարածաշրջանի երկրների հետ:


Հայաստանը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հիմնադիր անդամներից է, որի գործունեությունը հաճախ խաչվում է Միջերկրածովյան միության գործունեության հետ: Հայաստանը հանդես է գալիս ՍԾՏՀ-ի և նրա գործընկերների միջև ընդհանուր նպատակներին հասնելու ավելի սերտ փոխգործակցության օգտին:


Օգտվելով այստեղ ներկա լինելու հնարավորությունից՝ կուզենայի արտահայտել մեր՝ Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի գործընկեր պետություն դառնալու ցանկությունը:


Հայաստանն ակտիվորեն հանդես է գալիս Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների ձևաչափում: Որպես դեպի ծով ելք չունեցող երկիր, որի արևելյան և արևմտյան սահմաններն արգելափակված են ավելի քան երեք տասնամյակ, մեր երկիրը խիստ գիտակցում է բաց սահմանների և ամբողջությամբ գործող տրանսպորտային ենթակառուցվածքների կարևորությունը: Մարդկանց, բեռների և ծառայությունների ազատ տեղաշարժի քաղաքական խոչընդոտների վերացումն անհրաժեշտ է գլոբալ շուկաներին ինտեգրվելու համար:


Անվտանգության ոլորտում աշխարհաքաղաքական ճգնաժամերը, մատակարարման շղթաների խափանումները, պարենի և վառելիքի գների աճը, ինչպես նաև կլիմայի փոփոխությունը, այս բոլոր գործոններն էապես մթագնում են մեր երկրների խմբում զարգացման հեռանկարները:


Գործընկերնե՛ր,


Այսօր մարտահրավերները, որոնց բախվում է աշխարհը, այդ թվում՝ մեր տարածաշրջանը, լուրջ են, ու դրանք հնարավոր չէ գերագնահատել: Հայաստանը կանգնած է հումանիտար և անվտանգային լուրջ խնդիրների առջև: Ուժի կիրառման մշտական սպառնալիքը բացասաբար է ազդում ցանկացած հասարակության առողջության վրա: Մեզ համար միանգամայն պարզ է, որ միայն խաղաղության ճանապարհով կարող ենք հասնել կայունության և առաջընթացի: Այդ նպատակով Հայաստանն ակտիվորեն ձգտում է տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հաստատմանը:


Որպես խաղաղության օրակարգի հիմնաքար՝ Հայաստանի կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որն ուղղված է Հարավային Կովկասում տնտեսական, քաղաքական և մշակութային կապերի ամրապնդման համար նոր ենթակառուցվածքների ստեղծմանը և առկա ենթակառուցվածքների բարելավմանը: Այս նախագիծը նախատեսված էր ոչ թե տարածաշրջանային մյուս լոգիստիկ նախագծերի հետ մրցակցելու, այլ դրանց լրացնելու համար: Նախագծի նպատակն է ստեղծել նոր կապեր տարածաշրջանի բոլոր երկրների միջև՝ հիմնված համապարփակ հասանելիության հայեցակարգի վրա. դրա սկզբունքներն են, որ բոլոր ենթակառուցվածքները՝ մայրուղիները և երկաթուղիները, խողովակաշարերը, մալուխները և էլեկտրահաղորդման գծերը, գործելու են այն երկրների ինքնիշխան իրավասության ներքո, որոնց տարածքով անցնում են. յուրաքանչյուր երկիր իր պետական հաստատությունների միջոցով կպաշտպանի ենթակառուցվածքները և կապահովի իր տարածքով անցնող տրանսպորտային միջոցների, բեռների ու մարդկանց սահմանային և մաքսային վերահսկողությունը. ամբողջ ենթակառուցվածքը կօգտագործվի միջազգային և ներքին փոխադրումների համար. երկրները կօգտագործեն ենթակառուցվածքները փոխադարձության և հավասարության հիման վրա ու համաձայն այս սկզբունքների՝ սահմանային և մաքսային վերահսկողությունը կդյուրացվի հավաքական համաձայնագրի միջոցով:


Պարսից կամ Արաբական ծոցերից մինչև Օմանի ծոց, Միջերկրական ծովից մինչև Սև ծով կձևավորվի անխափան հաղորդակցություն, քանի որ երկաթուղիների և մայրուղիների բացակայող հատվածները վերականգնվում և ապաշրջափակվում են:


Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հանձնառությունը տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը նպաստելու գործում և լիահույս է, որ սահմանի բացման շուրջ Թուրքիայի հետ տարվող բանակցությունները կտան իրենց պտուղները: Մենք ձգտում ենք դառնալ միջերկրածովյան համագործակցության մեխանիզմների կառուցողական մասնակից և պատրաստ ենք աշխատել բոլոր գործընկերների հետ՝ մեր երկրների կարիքներն ու առաջնահերթություններն արդյունավետորեն բավարարելու համար՝ ի շահ ընդհանուր բարօրության:


Շնորհակալություն»,- ասել է Սիմոնյանը: