Նոր տեխնոլոգիաները եւ սոցիալական մեդիան ռիսկեր եւ բևեռվածություն են առաջացրել․Հովհաննիսյան
Ֆոտո. parliament.am
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ելույթ է ունեցել Վիեննայում անցկացվող ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանի` Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ մարդասիրական հարցերի գլխավոր հանձնաժողովի նիստում:
«Հարգելի’ գործընկերներ,
Նոր տեխնոլոգիաները եւ սոցիալական մեդիան, որքան արագացրել ու հեշտացրել են մեր կյանքը, նույնչափ ռիսկեր եւ բեւեռվածություն են առաջացրել:
Եթե ժողովրդավար երկրներն այս գործիքներն օգտագործում են առավել թափանցիկ կառավարում իրականացնելու, առավել վստահելի ընտրական գործընթացներ կազմակերպելու համար, ապա ավտորիտար երկրների համար այս գործիքները կիրառվում են որպես զենք` հիբրիդային պատերազմներ վարելու եւ մեր ժողովուրդներին մանիպուլացնելու ու վախեցնելու համար:
Հայաստանը հիբրիդային հարձակումների ենթարկվեց հատկապես 2020 թվականի պատերազմի ընթացքում, դրան հաջորդող շրջանում եւ շարունակում է առերեսվել մինչեւ այսօր: Հայ ժողովրդին անդադար մատուցվում է կեղծ, վախեր առաջացնող տեղեկատվություն, եւ մենք, օրինակ, կասեցրել ենք մի քանի ռուսալեզու հաղորդումների հեռարձակումը մեր երկրի տարածքում:
Հիբրիդային հարձակումները, հատկապես, ակտիվանում են ընտրությունների նախաշեմին, դա ցույց են տվել ինչպես մեր փորձը, այնպես էլ Մոլդովայի եւ Վրաստանի վերջին ընտրությունների իրադարձությունները:
Նոր տեխնոլոգիաների եւ սոցիալական մեդիաների գործիքները պետք է օգտագործվեն մեր ժողովրդավարությունները պաշտպանելու համար, եւ մենք պետք է անձնական տվյալների պաշտպանության, արհեստական բանականության կարգավորման, կեղծ լուրերի դեմ պայքարի մասին նոր կարգավորումներ մտածենք, որ նոր տեխնոլոգիաներն ու մեդիան ծառայեն ոչ թե հակամարդկային, այլ` համամարդկային նպատակներին»,- եզրափակել է պատգամավորը: