VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Իրավունք» թերթը գրում է.
«ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը երեկ հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Ըստ ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանի` ավելի քան մեկ ժամ տեւած զրույցի ընթացքում շոշափվել են հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանի ներքին իրավիճակին եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Դրանից օրեր առաջ էլ Տեր-Պետրոսյանը հանդիպել ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հետ: Մեկուսկես ժամ էլ զրուցել է իրանցի դիվանագետի հետ ու իր հիացմունքն արտահայտել դեսպանի՝ վերջերս կայացած, ինչպես Տեր-Պետրոսյանն է նշել, չափազանց բովանդակալից ասուլիսի վերաբերյալ:
Ինչով է պայմանավորված ՏերՊետրոսյանի ակտիվությունը դիվանագիտական դաշտում, դեռեւս ստուգվող տեղեկությունների համաձայն, Նիկոլ Փաշինյանն է անձամբ խնդրել: ՀՀ առաջին նախագահի միջնորդությամբ՝ վերջինս փորձում է այս առանցքի շուրջ հաշտության եզրեր գտնել: Ըստ նույն աղբյուրների` Ռուսաստանի կողմից հիմնականում երկու պայման է դրված՝ Փաշինյան Նիկոլի դեմքն ու տապալված վարկանիշը փրկելու համար:
Առաջինն այն է, որ նա պետք է փակի ՀԱՊԿ-ից դուրս գալու չարչրկված թեման: Օրինակ, հայտարարելով, որ ստացել է իրեն հուզող հարցերի պատասխանները: Եվ երկրորդ՝ երկաթուղու վերահսկողության հարցում սկսել փոխընդունելի տարբերակների քննարկում ռուսական կողմի հետ»:
«Հրապարակը» գրում է.
«Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում 4,5 ժամ տեւած ԱՄՆ-ՌԴ բանակցությունների արդյունքները լավատեսական նոտայով են մատուցում աշխարհին, որը, շունչը պահած, սպասում էր Վաշինգտոն-Մոսկվա առաջին կենդանի շփումին։ Այն արդեն որակել են «շատ լուրջ զրույց բոլոր հարցերի շուրջ»: Ըստ Fox News-ի, ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն առաջարկում են Ուկրաինայում խաղաղության հաստատման եռաստիճան ծրագիր՝ զինադադար, ընտրությունների անցկացում եւ հետո նոր միայն՝ վերջնական համաձայնագրի ստորագրում: Սակայն ռուս-ամերիկյան բանակցություններն անհանգստություն են առաջացրել Եվրոպայում։ Ուկրաինայում ուղղակի տագնապած են` որոշվում է իրենց ճակատագիրը, բայց՝ իրենց բացակայությամբ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շարունակում է թիրախավորել «Ժողովուրդ» օրաթերթին եւ հիմնադիր Թագուհի Թովմասյանին: Խորհրդարանի խոսնակը 2 օրը մեկ պարբերականությամբ հիշում է մեր օրաթերթը:
Անունը դրել է «Մամուլի տեսություն» բայց թիրախում «Ժողովուրդ» օրաթերթն է եւ Թագուհի Թովմասյանը: Իհարկե, իր դե յուրե զոքանչին պատկանող «Հրապարակ»-ին էլ է հիշատակում, բայց առանց ղեկավար Արմինե Օհանյանին թիրախավորելու եւ վիրավորելու:
Անշուշտ, քաղաքացու վրա թքող, մինչեւ ականջները կոռուպցիայի մեջ թաթախված լինելու մեղադրանքների տարափի տակ կքած Ալեն Սիմոնյանին չէինք անդրադառնա, եթե գոնե մեզ խրատներ տվող տեքստերում ուղղագրական, կետադրական խայտառակ տառասխալներ չնկատեինք: ԱԺ նախագահը անգրագետ տեքստերով վիրավորում է լրատվամիջոցներին:
Առաջին էկրանապատճենում տեսնում եք փետրվարի 13-ին արված հրապարակումը, որտեղ գրել է. «Թագուհի Թովմասյանը «նեխսրտելով», որ իրան գործուղման չեմ տանում…» ձեւակերպմամբ սկսվող նախադասություն։ Հատուկ ԱԺ անգրագետ խոսնակ Ալեն Սիմոնյանի եւ իր թիմակիցների համար հիշեցնենք, որ «նեղսրտել» բառը գրվում է «ղ»-ով:
Երեկ էլ հրապարակեց հերթական մաղձը՝ նույն ձեւակերպմամբ: Իհարկե, «նեղսրտել» բառը թերեւս սովորել է 45 տարեկանում, բայց պետք է հայոց լեզվի դասընթացներ անցնի, որպեսզի սովորի նաեւ` գրվում է ոչ թե «հարթուկ», այլ «արդուկ»:
Իսկ Ալեն Սիմոնյանի՝ պետության հաշվին իրականացվող գործուղումները իր աշխատակիցների ուղեկցությամբ, որոնք մատուցվում են իբրեւ «ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակություն», միայն ժպիտ են առաջացնում: Ում է գլխավորում Ալեն Սիմոնյանը՝ «ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակություն» ձեւակերպմամբ, իր նախկին օգնականի՞ն, իր՝ «արդուկի գծով խորհրդականի՞ն», օպերատորի՞ն, մամլո խոսնակի՞ն, թե՞ վարչության պետին:
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը պետք է ներկայացնի ողջ խորհրդարանը՝ ե՛ւ իշխանություն ե՛ւ ընդդիմություն: Իսկ ընդդիմադիրները բոյկոտում են Ալեն Սիմոնյանի դեմ: Իրեն հարգող որեւէ պատգամավոր Ալեն Սիմոնյանի հետ գործուղման չի մեկնում արդեն վաղուց: Ու սա, կարծես թե, նյարդայնացնում է ԱԺ խոսնակին: Բայց մենք կշարունակենք մեր հրապարակումների շարքը. մեզ չեք կարող շեղել անգրագետ տեքստերով: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթին ու հիմնադիր Թագուհի Թովմասյանին թիրախավորում են երկու հոգի՝ Ալեն Սիմոնյանն ու Դոգը՝ նույն հետեւողականությամբ»: