13.02.2025
Լուսանկարը` Sputnik
prev Նախորդ նորություն

«Բանակցությունները փակուղում չեն». ԱԳՆ-ն արձագանքում է Ալիևի սպառնալիքներին

Լուսանկարը` mfa.am
Լուսանկարը` mfa.am

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական բանակցությունները փակուղում չեն։ Կառավարությունում փետրվարի 13-ի ճեպազրույցի ժամանակ դիվանագետը հիշեցրել է հունվարին կայացած պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովի տասնմեկերորդ հանդիպման մասին՝ նշելով, որ ձեռք է բերվել նոր հանդիպման պայմանավորվածություն։


Կոստանյանը նաև հայտնել է, որ Երևանը սպասում է Բաքվի պատասխանին հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ նոր առաջարկներին։ «Բավականին երկար ժամանակ է սպասում ենք ադրբեջանական կողմի արձագանքին։ Հույս ունենք կարճ ժամանակում կստանանք պատասխանը, որպեսզի շարունակենք գործընթացը։ Հայաստանը պահպանում է կառուցողական մոտեցումը բանակցություններին», - ընդգծել է փոխնախարարը։


Ադրբեջանի նախագահի սպառնալիքների իրականացման դեպքում Հայաստանի հնարավոր գործողությունների մասին հարցին ի պատասխան՝ Կոստանյանը հայտարարել է, որ երկիրը կօգտագործի իրեն հասանելի բոլոր գործիքները՝ պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը։ «Նման հայտարարությունները միտված են տարածաշրջանում լարվածության մթնոլորտ ստեղծելուն։ Հայաստանը չի տրվի նման սադրանքներին և կշարունակի կառուցողական մոտեցում ցուցաբերել բանակցություններին», - նշել է նա։


Հիշեցնենք, որ հունվարի սկզբին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում սպառնացել էր ուժով բացել «Զանգեզուրի միջանցքը» և մի շարք այլ սպառնալիքներ էր հնչեցրել Հայաստանի հասցեին։