Հայաստանը դուրս է գալիս Եվրասիական կինոակադեմիայի պայմանագրից
Լուսանկարը` Sputnik
Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել դադարեցնել մասնակցությունը Եվրասիական կինոակադեմիայի ստեղծման մասին պայմանագրին, որը ստորագրվել էր դեռևս 1997 թվականին։
Փետրվարի 13-ին հաստատված այս որոշումը պայմանավորված է համաձայնագրի արդիականության կորստով, որը քառորդ դարից ավելի սահմանում էր ԱՊՀ երկրների միջև կինեմատոգրաֆիական համագործակցության շրջանակները։
1997 թվականի մարտին կնքված պայմանագիրը նպատակ ուներ զարգացնել ժամանակակից բազմազգ կինոարդյունաբերությունը և պահպանել մասնակից երկրների ազգային կինեմատոգրաֆի ավանդույթները։ Ենթադրվում էր, որ Եվրասիական կինոակադեմիայի ստեղծումը նոր թափ կհաղորդի հետխորհրդային տարածքում մշակութային փոխգործակցությանը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտպանել է համաձայնագրից դուրս գալու որոշումը՝ նշելով, որ փաստաթուղթն այլևս չի համապատասխանում կինոարդյունաբերության զարգացման ժամանակակից իրողություններին։
Ավելի վաղ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովն առաջարկել էր ստեղծել Եվրասիական կինոակադեմիա, որը կդառնար «Օսկարի» տարածաշրջանային տարբերակը։ Նրա գնահատմամբ, ակադեմիան կարող է ստեղծվել 2024 թվականին: