20.02.2025
Լուսանկարը` mfa.am
prev Նախորդ նորություն

Ղարաբաղցիների վերադարձի միակ ուղին նոյեմբերի 9-ի հայտարարության միջոցով է. Քոչարյան

Լուսանկարը` hairenikweekly.com
Լուսանկարը` hairenikweekly.com

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ հայերի վերադարձը Ղարաբաղ հնարավոր է միայն նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա բանակցային գործընթացը վերսկսելու միջոցով, թեև նման սցենարի հավանականությունը խիստ սահմանափակ է։ Միաժամանակ նա մեղադրել է գործող իշխանություններին արցախցիների վերադարձի հարցը լուծելու ցանկության բացակայության մեջ։

Ռոբերտ Քոչարյանն այսօրվա ասուլիսում ընդգծել է նույնիսկ նվազագույն հնարավորություններն օգտագործելու անհրաժեշտությունը՝ հայերին Ղարաբաղ վերադարձնելու համար։ Նրա կարծիքով, ներկայիս իշխանությունները միտումնավոր խուսափում են այս հարցից՝ առաջնորդվելով «չկան մարդիկ, չկա պրոբլեմ» սկզբունքով։


Նախկին նախագահը նշել է, որ ղարաբաղցիների վերադարձն անհնար է առանց անվտանգության միջազգային երաշխիքների։ Այս հարցը պետք է դառնա բանակցային գործընթացի առարկա՝ ներառելով երաշխիքների փաթեթի մշակումը։ Քոչարյանը համարում է, որ Հայաստանի իշխանությունները խուսափում են այս թեմայից, քանի որ վերադարձի քննարկումը կստիպի նրանց բանակցություններում բարձրացնել էթնիկ զտումների հարցը։


2023թ․ սեպտեմբերին Արցախի հայերի բռնի տեղահանումից հետո Հայաստանի իշխանությունները դադարել են քննարկել ղարաբաղյան հիմնախնդիրը և արցախահայերի վերադարձի իրավունքը։ 2024թ․ օգոստոսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ անիրատեսական և ՀՀ պետական շահերին հակասող է համարում ԼՂ հայերի՝ իրենց հայրենիք վերադառնալու վերաբերյալ ԼՂ մի խումբ հայրենակիցների և նախկին պաշտոնյաների կողմից հնչող ձևակերպումները։