13.02.2025
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
prev Նախորդ նորություն

Գյումրիում եւ Փարաքարում ընտրությունները տեղի կունենան նույն օրը. ԿԸՀ

armeniatoday.news
armeniatoday.news

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանում է տարածել՝ կապված Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրության օրվա նշանակված չլինելու հետ:


Պարզաբանման մեջ ասվում է. «ՀՀ Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 128-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, «Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների արտահերթ ընտրություններն անցկացվում են ավագանիների արտահերթ ընտրություն նշանակելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` ոչ շուտ, քան 30, եւ ոչ ուշ, քան 40 օր հետո` առավել ուշ կիրակի օրը»:


Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն, «Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանու արտահերթ ընտրությունների անցկացման օրը նշանակում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` արտահերթ ընտրություններ նշանակելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում»: Հետևապես, Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 12-ի որոշումը ուժի մեջ է մտնելու 2025 թվականի փետրվարի 20-ին։


ՀՀ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի կարգավորումների և ՀՀ կառավարության որոշման ուժի մեջ մտնելու օրվա համադրումից ակնհայտ է դառնում, որ Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենան 2025 թվականի մարտի 30-ին, ինչի մասին ԿԸՀ ներկայացուցիչները հրապարակային բազմիցս հայտարարել են:


Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հանձնաժողովի հունվարի 20-ի որոշմամբ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու արտահերթ ընտրությունները նշանակվել են 2025 թվականի մարտի 30-ին: Նույն որոշմամբ հաստատվել է արտահերթ ընտրության նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։


Հավելենք նաև, որ համաձայն վերը նշված ժամանակացույցի, թեկնածուների առաջադրման և գրանցման, քարոզարշավի մեկնարկի ու ավարտի և այլ ժամկետները վերաբերելի են նաև Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին:


 

Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի ​​արբիտրաժային դատարան
Հաջորդ նորություն next